Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում ավելացավ ևս 5-ով՝ հասնելով 115-ի. դեպքերից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ


Այսօր ժամը 9-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում Հայաստանում հաստատվել է ևս 5 դեպք: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

«Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:

Քիչ անց Ֆեյսբուքում գրառում կատարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ հաստատված դեպքերից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան», - գրում է Թորոսյանը:

«Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։ Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը», - ասված է Առողջապահության նախարարի գրառման մեջ:

Այսօր կառավարության նիստի ժամանակ նախարարը վարչապետի խնդրանքով ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը՝ մանրամասնելով. - «Ունենք 115 հաստատված դեպք, արդեն գիտեք, որ մեկ դեպքը առողջացած է: Բոլորի վիճակը, կարող եմ ասել, որ բավարար է, նույնիսկ ջերմություններով եթե նայում ենք՝ 38-ից բարձր ունենք ընդամենը 5 հոգի, 39-ից բարձր չունենք, 37-ից բարձր՝ 34 հոգի, էդ բարձրը 37-ն էլ եմ նույնիսկ հաշվել, այսինքն՝ 37,0-ն էլ եմ հաշվել: 60-ից բարձր տարիքի անձինք 13-ն են, որոնցից ոչ մեկի ջերմությունը էս բարձրերի մեջ չի մտնում, այսինքն՝ նույնիսկ իրենց կյանքին վտանգ չի սպառնում, կարող եմ ասել, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»:

Կորոնավիրուսի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG