Չեխիայի կառավարության որոշմամբ, կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով մարտի 18-ից սկսած բոլոր բնակիչները դրսում՝ հանրային վայրերում, փողոցներում, խանութներում պարտավոր են բժշկական դիմակներ կրել։
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ դիմակ չունեցող մարդիկ պարտավոր են երեսը ծածկել որևէ այլ միջոցով, օրինակ՝ շարֆով կամ սեփական հագուստով։
Դեղատուն և խանութներ մտնող մարդիկ պետք է միմյանցից հեռու կանգնեն, փոքր դեղատուն կարող է մուտք գործել միայն մեկ հաճախորդ, մնացածները պետք է սպասեն փողոցում՝ դեղատան դռան մոտ։
Մարտի 19-ից 65 տարեկանից բարձր բնակիչները կարող են պարենի խանութ այցելել միայն առավոտյան ժամը 10-ից մինչև 12-ը։
Մարտի 18-ի տեղական ժամանակով ժամը 18-ի դրությամբ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսի 522 դեպք, հիվանդներից 5-ը ծանր վիճակում են։