«Պետությունը պետք է հարկային արձակուրդ տա տնտեսվարողներին՝ հարկերից որոշակի ժամանակով ազատի՝ գնահատելով իր հնարավորություններն ու սահմանելով առաջնահերություններ», - կարծում է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ից Մանե Թանդիլյանը:
Որոշ բանկեր այս օրերին հայտարարերեցին վարկառուների չվճարած վարկերի համար ժամանակավորապես տույժ-տուգանքներ չկիրառելու, մյուսները` վարկերի մարումը հետաձգելու մասին։
«Տնտեսվարողը եթե անգամ ունի փոքր շրջանառություն, չնչին, իր ծախսերը կարող է չծածկել այդ շրջանառությունը: Հարկայինը պետք է հարկ չհավաքի այդ ամիս և ասի` դու ունես, ենթադրենք, երեք, վեց ամիս արձակուրդ: Այսինքն` այդ գումարը թողնում եմ քեզ մոտ, օգտագործի, գնա քո վարձակալական վճարը վճարի: Ասենք, պատկերացնում եք, կենտրոնական մասերում տարածքներ վարձակալած հանրային սննդի օբյեկտների վիճակը: Ուղղակիորեն կատաստրոֆա է լինելու: Մենք ուզում ենք ընդհարնապես ոչ մեկ չաշխատի՞… Կարծում եմ, որ ոչ», - ասաց Թանդիլյանը:
Արտակարգ դրության երրորդ օրն արդեն Երևանի կենտրոնում կարելի է տեսնել ոչ այնքան մեծ խանութների ու սննդի օբյեկների կողպված դռներ։ Թանդիլյանի խոսքով, կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասները շատ ավելի տեսանելի է լինելու տարվա երկրորդ, երրորդ եռամսյակներում, ուստի չպետք է սպասել, որ դրանք առարկայական դառնան, որոշ տնտեսվարողների համար՝ անդառնալի, պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։
Ամենախոցելին, ըստ պատգամավորի, փոքր ու միջին բիզնեսն է, պետությունը պետք է նրանց բեռը թեթեւացնի՝ նաև սուբսիդավորելով վարկային որոշ տոկոսներ. – «Այսօր պետք է պնդեմ, հաստատեմ, որ մենք գումար ունենք գանձապետական հաշվին, և պետությունը կարող է իրեն թույլ տալ հստակ գործողությունների պլան իր հնարավորության սահմաններում: Կլինեն նաև տնտեսվարողներ, որոնց չի կարող այս կամ այն բանկը աջակցել: Հաշվի առնելով նաև երկրի իրավիճակը` պետությունը պետք է պատրաստ լինի այստեղ սուբսիդավորել որոշ տեսակի վարկերի ծախսեր: Մյուս կողմից, այն աշխատակիցները, որոնք չեն կարող ինքնամեկուսանալ, տնից աշխատել, որոշ դեպքերում անաշխատության թերթիկներ են ունենում: Այս ամբողջը պետք է փոխհատուցի պետությունը: Եվ մենք չենք կարող գործատուներին ու տնտեսվարողներին էստեղ թողնել մենակ: Որովհետև մենք շահագրգիռ ենք, որ այդ աշխատատեղերը պահպանվեն, ուրեմն պետք է աջակցենք տնտեսվարողին, որ պահպանի աշխատատեղը: Եվ միայն հորդորելով, կոչ անելով, որ մի ազատեք ձեր աշխատակիցներին... այդպես չի լինում»:
«Հարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու կամ ներելու հարց չի քննարկվում», - փոխանցեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: ՊԵԿ պաշտոնյան նույնպես կարծում է, որ ստեղծված իրավիճակի տնտեսական ազդեցությունն անխուսափելի է լինելու, բայց այս պահին գնահատելն անհնար համարեց. – «Ցանկացած ձեռներեց պետք է նախատեսի նաև նմանատիպ ռիսկեր, ինչպես քննարկվող իրավիճակից բխող, այնպես էլ այլ իրավիճակներում առաջացող որոշակի ռիսկեր, որոնք կարող են ազդել իր ձեռնարկատիրական գործունեության վրա: Եթե հարկ վճարողը պետության հանդեպ չի ձևավորում հարկային պարտավորություն, ապա այս դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում. կառավարություն պետք է հարկային պարտավորությունից ազատի՞, որպեսզի ձեռներեցը կարողանա տարածքի վարձը վճարել»:
«Ազատության» հարցին, թե արդյոք հնարավոր է, որ տվյալ հարցով քննարկումներ կազմակերպվեն, Հովհաննիսյանն արձագանքեց. – «Ես չեմ կանխատեսում նման միջոցառումների նախձեռնություն, որովհետև մենք այսպես ենք հասկանում. օրինակ, հանրային սննդի օբյեկտում չկա ձևավորված շրջանառություն, հետևապես չկա ձևավորված հարկային պարտավորություն»:
Ինչ վերաբերում է Թանդիլյանի առաջարկած սուբսիդավորմանը, ապա հանձնաժողովի իմքայլական անդամ Հայկ Գևորգյանը հապճեպ որոշումների կողմնակից չէ: Նա կարծում է, որ դրանք պետաք է կայացվեն կոնկրետ ցուցանիշները մանրամասն ուսումնասիրելուց հետո. - «Այս պահին, կարծում եմ, որոշումներ կայացնելու համար դեռ շուտ է: Բայց որ ինչ-որ քայլեր ձեռնարկվելու են կառավարության կողմից, որևէ մեկը թող կասկած չունենա: Ուղղակի այդ քայլերը պիտի լինեն արդյունավետ: Ոչ թե համատարած ինչ-որ արձակուրդներ հարկային, կամ վարկերի տոկոսներ սուբսիդավորենք, այլ կարող են լինել ոլորտային աջակցություն որևէ ձևով, որպեսզի նաև տնտեսության որակի բարելավման նպատակադրում ունենանք: Ոչ թե ուղղակի փող լցնենք տնտեսության մեջ ու վերջ: Փորձը ցույց է տալիս, որ դա ամենաարդյունավետ լուծումն է»: