Հինգ օր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիա՝ համաշխարհային համաճարակ:
Հայաստանում արդեն կա կորոնավիրուսի հաստատված 30 դեպք:
Կորոնավիրուսի և մյուս առողջական հարցերի շուրջ այսօր «Ազատություն»-ը «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում զրուցեց մանկաբույժ Մարի Դարակչյանի հետ:
«Ազատություն». – Ինչո՞ւ է կորոնավիրուսն այսքան արագ տարածվում, Հայաստանում այս պահին կարծես տարածվում է երկու օղակով՝ Էջմիածին և Իտալիայից ժամանած մեկ այլ անձ է բերել վիրուսը, ինչպես նաև վարչապետն այսօր առավոտյան ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ չորս առանձին դեպք էլ կա, բայց հիմնական վարակի տարածումը Էջմիածնից է: Մասնավորապես՝ այսօրվա տվյալներով Հայաստանի 30 հիվանդներից 19 Էջմիածնից են:
Դարակչյան. – Ընդհանրապես բոլոր այն վիրուսները, որոնք տարածվում են օդակաթիլային ճանապարհով, ունեն բավականին արագ և լայն տարածելիություն, նաև նրանք ակտիվանում են բոլոր այն սեզոններին, երբ մարդիկ ավելի հաճախ են գտնվում փակ տարածքներում և կոլեկտիվ կուտակումներ են տեղի ունենում: Ինչ վերաբերում է Էջմիածնի դեպքին, կարծում եմ, բազմիցս արդեն քննարկվել է, որ այդտեղ այդ տարածումը տեղի է ունեցել մեկ միջոցառման մասնակիցների միջև, որոնք բավականին ժամերի ընթացքում գտնվել են, կիսել են նույն տարածքը: Խնդիրը, կարծում եմ, հենց այդտեղից է գալիս: Ընդհանուր առմամբ կան շատ ավելի բարձր վարակելիություն ունեցող վիրուսներ, նաև՝ օդակաթիլային ճանապարհով տարածվող, օրինակ՝ ջրծաղիկը, կարմրուկը, որոնց դեմ ունենք պատվաստանյութեր, դրա համար այդ բեռը մեր վրա այդպես չենք զգում: Կան մարդիկ, որոնք պատվաստված են այս վիրուսների դեմ, և անգամ եթե սկսում է շրջանառվել, մարդիկ անընկալ են նրա նկատմամբ:
Նույն պատկերը չի եղել այն ժամանակ, երբ կոնկրետ տվյալ հիվանդությունների համար չեն եղել պատվաստանյութեր, և իհարկե, մարդիկ այն ժամանակ ևս շատ-շատ մեծաքանակ հիվանդացել են: Մենք դա կարող ենք տեսնել Հայաստանում ջրծաղիկի հետ կապված, որի պատվաստանյութը Հայաստանի Հանրապետությունում չի օգտագործվում, մենք տեսնում ենք, որ նույն դասարանում բոլորը կարող են վարակվել մեկ հոգուց, ինչը նույնը չի կորոնավիրուսի դեպքում: Այստեղ թվերը շատ ավելի մեղմ են: Ուղղակի ելնելով նրանից, որ վիրուսը նոր է, և շատ բան դեռևս չգիտենք այս վիրուսի մասին՝ ինչպես ներկա ընթացքի մասին, այնպես բարդությունների մասին, այնպես հեռակա ելքերի մասին, ինչպես ԱՀԿ-ն է ասում՝ ամեն օր պետք է միասին սովորենք, հասկանանք այս վիրուսին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.