Կառավարության արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի ամբողջ տարածքում այսօր` ժամը 17:00-ից մինչև ապրիլի 16-ը` ժամը 9-ը, արտակարգ դրություն սահմանելու մասին հարցը: Որոշման տեքստը ներկայացնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նախագծի` արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Վարչապետը նշեց, որ ըստ էության ՀՀ քաղաքացիներին արգելում են ելքը ցամաքային ուղղություններով, իսկ օդային եղանակով տարածքը լքելու դեպքում քաղաքացիները կանցնեն կարանտին:
Արտակարգ դրությունը սահմանում է նաև տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք, համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ պարետի ցուցումով` նաև պետական կառավարման համակարգի այլ մարմիններ:
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց, Առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և պետական կառավարման համակարգի այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովելու է Ոստիկանությունը:
Ըստ նախագծի` ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, ինչպես նաև հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը:
Նիստը մեկ ժամով ընդմիջվեց:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 30 դեպք կա: 19-ը Էջմիածնի հետ փոխկապակցված անձինք են, մեկ հոգի բուժվել է:
10 հոգուց 3-ը «Գոլդեն փելիսում» մեկուսացված անձինք են, մյուսը 3-ը Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված մեկուսացում է իրականացվել, 4-ն առանձին տարածման դեպքեր են: