Մատչելիության հղումներ

Ապրիլյան պատերազմի մասնակցին Գերմանիայում բուժման 2-րդ փուլ են առաջարկել. ֆինանսավորման հարցը կառավարությունում քննարկում են


Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը նոյեմբերին է վերադարձել Գերմանիայից: Այնտեղ կառավարության ֆինանսավորմամբ մեկամսյա բուժում է ստացել, որից հետո մասնագետները առաջարկել են բուժման երկրորդ փուլ` նոր սարքավորմամբ:

Վերադառնալուց հետո բժիշկների առաջարկը Հայկը ներկայացրել է կառավարությանը: Երեկ քարոզչության նպատակով Վայոց Ձորում գտնվող վարչապետի մոտ խնդրի մասին բարձրաձայնեց Հայկի պապը: Վարչապետը զրուցեց նաև Հայկի հետ, Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին էլ հանձնարարեց կապ պահել քառօրյա պատերազմի մասնակցի հետ:

Երկու անչափահաս երեխայի 33-ամյա հայրը ողնաշարի հատվածում վիրավորվել էր 2016 թվականի ապրիլի 4-ին Թալիշում «Գրադ»-ի ականի պայթյունից։ Այժմ առողջական լուրջ խնդիրների առջև է կանգնել, մարմնում դեռ բեկորներ կան, որից մեկը մոտեցել է ողնուղեղին։ Գերմանիայում Հայկին մեկ շաբաթով տրամադրել են սարքավորում, որի շնորհիվ նա կարողացել է տեղաշարժվել առանց ձեռնափայտի:

«Եկան, միանգամից այդ ապարատները խի չտեղադրեցին, որովհետև երկու փուլով էր, առաջինը վերականգնողականը պիտի անցնեինք, այդ ապարատի մասին ընդհանրապես գաղափար էլ չունեինք, ու ոչ մեկն էլ չգիտեր դրա մասին: Հանդիպեցինք առողջապահության նախարարի հետ, ասացին` ամեն ինչ կանենք, որ նորից հետ գնաս` այդ ապարատները տեղադրեն», - նշում է նա:

Հայկը բացատրում է՝ ժամանակն իր դեմ է աշխատում, և եթե առաջիկայում սարքավորումը չունենա, բուժման առաջին փուլը, որն անցել է Գերմանիայում, ապարդյուն կլինի, քանի որ սարքավորումը տեղադրելուց առաջ անհրաժեշտ կլինի մեկ անգամ ևս անցնել թերապիան: Սարքավորման համար անհրաժեշտ է մոտ 13 հազար եվրո, որին գումարվում են նաև տեղադրման նպատակով երկու շաբաթ Գերմանայում գտնվելու ծախսերն ու ճանապարհածախսը:

«Ասացին` թող գա, մեկ ամիս մնա, ներվը հանգստանա, հետո այդ ապարատը տեղադրենք, բայց հիմա այսպես ձգձգվելով ուշանում է, ու արդեն 3 ամիս ուշացրել եմ: Հիմա այն, ինչ սկզբնական շրջանում այդ գումարը ծախսվել է, այդ 18 հազար եվրոն, կոպիտ ասած` գցում ենք ջուրը, գնում է: Հիմա նորից ասենք` Աստված չանի, մի քիչ էլի ուշանա, նորից պիտի այդ 18 հազար եվրոն տանք, գանք, հասնենք այն փուլին, որ արդեն կարիք լինի ապարատը տեղադրելու», - նկատում է Հայկը:

Առողջապահության նախարարության լրատվության ծառայության հետ ողջ օրվա ընթացքում կապ հաստատել չհաջողվեց: Հարցով զբաղվող վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն էլ «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ քննարկում են, թե ինչ տարբերակով կարող են աջակցել Հայկին՝ հետագա բուժումը կազմակերպելու համար:

«Գերմանիայի բուժման արդյունքների, իհարկե նաև կլինիկայի եզրակացությունը բուժման արդյունքների մասին ներկայացված է կառավարություն, այդ թվում` և՛ Առողջապահության, և՛ Պաշտպանության նախարարություն: Առաջարկ է արվել, որ Հայաստանում շարունակվի իր ֆիզոթերապիան, միևնույն ժամանակ առաջարկ է արվում, որ կարող է ֆիզոթերապիայի փոխարեն նաև կիրառվի այդ սարքը: Առաջարկում ժամկետ նշված չէ, առաջարկում նշված է, որ խորհուրդ ենք տալիս կիրառել այդ սարքը: Այս պահին տարբերակներ են քննարկվում, որոշվում է, սակայն կարևորն այն է, որ ամեն ինչ անում ենք, որ վերջնական լուծում տրվի հարցին», - ասում է Առաքելյանը:

Երբ 2019 սեպտեմբերին կառավարությունը որոշեց հատկացնել 9.4 մլն դրամ Գերմանիայում Հայկի բուժման համար, հիմնավորումն այն էր, որ այդ բուժումը Հայաստանում կազմակերպել հնարավոր չէ: Հայկն ասում է՝ ըստ էության հիմա էլ նույն իրավիճակն է:

XS
SM
MD
LG