Մատչելիության հղումներ

Ամերիկյան ավիահարվածները լարվածություն են առաջացրել տարածաշրջանում


Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հինգշաբթի ուշ երեկոյան ռմբակոծել են Իրաքում գործող իրանամետ խմբավորումներից մեկի` «Քաթաիբ Հըզբոլա»-ի տեղակայման վայրերը:

Ավիահարվածների հետևանքով զոհեր կան: Իրաքի զինվորականները հայտնում են, որ հինգ թիրախների հարվածների հետևանքով երեք զինվորական է զոհվել, երկու ոստիկան և մեկ քաղաքացիական անձ, տասներկու մարդ վիրավորվել է:

Ամերիկյան օդուժի ավիահարվածնները լարվածություն են առաջացրել տարածաշրջանում: Բաղդադը դատապարտել է` այն գնահատելով ագրեսիա երկրի դեմ, Իրաքի ինքնիշխանության խախտում:

Իրաքի արտգործնախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Բրիտանիայի դեսպանները կանչվելու են ԱԳՆ: Իրանամետ խմբավորման դեմ օդային հարվածներին ամերիկյան օդուժից բացի, մասնակցել են նաև բրիտանական ռազմական օդանավեր:

Թեհրանը իր հերթին ԱՄՆ-ի նախագահին զգուշացրել է «վտանգավոր գործողություների» դիմելու փոխարեն հեռանալ տարածաշրջանից:

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աբաս Մուսավին ասել է, թե ԱՄՆ նախագահը վտանգավոր գործողությունների և անհիմն մեղադրանքների փոխարեն պետք է վերանայի տարածաշրջանում իր զորքերի ներկայությունն ու վարքագիծը:

Բաղդադի և Թեհրանի հայտարարություններից ժամեր առաջ Պենտագոնն ասել էր, որ ավիահարվածները հասցվել են «Քաթաիբ Հըզբոլա» խմբավորման ռազմական հինգ պահեստներին, որտեղ պահվող սպառազինությունները, զենքերը օգտագործում էին ԱՄՆ-ի և դաշնակիցների դեմ:

Պենտագոնը հայտարարել է, որ ավիահարվածները պաշտպանական էին, համարժեք և ուղիղ պատասխան Իրանի աջակցությունը վայելող շիա ռազմական խմբավորումների սպառնալիքներին:

Դրանից մեկ օր առաջ հրթիռակոծվել էր Բաղդադից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Քեմփ Թաջի» ռազմակայանը, որի հետևանքով երկու ամերիկացի և մեկ բրիտանացի զինծառայողներ էին զոհվել, ավելի քան մեկ տասնյակ զինծառայող վիրավորվել է:

Ոչ մի խմբավորում չի ստանձնել ռազմակայանի վրա հարձակման պատասխանատվությունը, բայց Պենտագոնը պնդում է, որ այն իրականացրել են «Հզբոլայի» իրաքյան խմբավորումները:

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, հաստատելով մարտի 12-ին Իրաքում ամերիկյան օդուժի ավիահարվածները, ասել է, թե «Միացյալ Նահանգները չի հանդուրժի մեր ժողովրդի, մեր շահերի և մեր դաշնակիցների վրա հարձակումները»:

Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Քեննեթ ՄըքՔենզին սենատի հանձնաժողովում ասել է, թե իրանամետ «Քաթաիբ Հըզբոլան» միակ խմբավորումն է, որը հայտնի է անցյալում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի վրա Իրաքում կատարած հարձակումներով:

Բրիտանիայի արտգործնախարար Դոմենիկ Ռաաբը կոալիցիոն ուժերի գործողությունը բնորոշել է արագ, վճռական և համարժեք և զգուշացրել՝ որևէ մեկը, ով կցանկանա վնաս հասցնել կոալիցիոն ուժերին, պետք է սպասի ուժեղ պատասխանի:

Մարտի 12-ին ավիահարվածներ են հասցվել նաև Սիրիայի տարածքում գտնվող զինյալ խմբավորումներին: Լոնդոնում գտնվող սիրիական մարդու իրավունքների ուսումնասիրությունների կենտրոնը հաղորդել էր, որ Սիրիայի արևելքում Իրաքի սահմանին մոտ գտնվող Ալբու Քամալ քաղաքում 26 գրոհայիններ են սպանվել ավիահարվածների հետևանքով: Նշվում է, որ այդ գրոհայինները ևս Իրանի աջակցությունը վայելող իրաքյան զինված խմբավորման անդամներ էին, և որ ավիահարվածները կատարել են ԱՄՆ-ի գլխավորած կոլաիցիոն ուժերի ռազմական օդանավերը: Սակայն ամերիկացի պաշտոնյաները չեն հաստատել այդ գործողությանը ամերիկյան օդուժի մասնակցությունը:

XS
SM
MD
LG