Մատչելիության հղումներ

ԵՄ մի շարք երկրներ կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար


Հինգշաբթի օրը եվրոպական մի շարք երկրներ նոր կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Չեխիայում, որտեղ պաշտոնական տվյալներով շուրջ 100 վարակված կա, արտակարգ դրություն է մտցվել: Գերմանիայի և Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, չեղարկվել է միջազգային երկաթուղային հաղորդակցությունը, 13 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է: Արգելվում են նաև երեք տասնյակից ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումները, առաջիկայում նախատեսվում է փակել ժամանցային և մշակութային վայրերը, սահմանափակվել են նաև ռեստորանների աշխատանքային ժամերը: Ավելի վաղ, այս շաբաթ փակվել են նաև բոլոր դպրոցները:

Սլովակիան, իր հերթին, արգելել է արտասահմանցիների մուտքը երկիր, բացառությամբ կեցության իրավունք ունեցող անձանց: Կփակվեն դպրոցները, օդանավակայանները, ռեստորանները:

Դպրոցները փակելու որոշում է կայացրել նաև Իռլանդիայի կառավարությունը:

Կորոնավիրուսը տարածվում է Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, դեռևս հաստատված դեպքեր չկան միայն Չեռնոգորիայում:

Վարակվածների և մահվան ամենամեծ թիվը Իտալիայում է, միայն երեկ այդ երկրում հաստատվել է 2300 նոր վարակի դեպք: Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում վարակվածների թիվը հասնում է հազարի, Եվրամիության մյուս երկրներում՝ հարյուրավոր: Ամենակոշտ միջոցներն է ձեռնարկել Իտալիան, կարանտին է սահմանված գրեթե երկրով մեկ:

XS
SM
MD
LG