Կորոնավիրուսով վարակվածների թիվը եթե մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Ջերմուկում քարոզարշավի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Էս պահին ինչ խնդիր կա՝ ես երեկ երեկոյան ասել եմ էդ խնդրի մասին։ Եթե կլինի ավելի մեծ խնդիր և ավելի մեծ ռիսկ, դրա մասին կասեմ։ Հիմա, ինչպես ընդունված է, բոլոր շփված մարդկանց շրջանակը պարզվում է, և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ», - նշեց պետության ղեկավարը՝ շարունակելով. - «Ընդ որում, կարող է լինել էսպիսի երևույթներ՝ կարող է լինել, որ մարդիկ լինեն, որ մեկուսացվեն «Գոլդեն փելիս»-ում, բայց կարող է մարդիկ լինեն՝ որոշ հանգամանքներից ելնելով խնդրենք իրենց՝ իրենց տանը մեկուսանան»։
Սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ընդհատման հնարավորության վերաբերյալ հարցին Փաշինյանն արձագանքեց. - «Էս պահին, տեսնում եք, որ շարունակվում է։ Եթե անհրաժեշտություն կծագի ընդհատել, կընդհատենք, քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն՝ նման անհրաժեշտություն չկա»։
Երեկ երեկոյան վարչապետը Ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնաբերվել։ «Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից», - գրեց վարչապետը՝ հայտնելով նաև, որ մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն, ըստ նախնական տվյալների, մեծ չէ։
Այսպիսով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4-ի։ Առաջին դեպքը, հիշեցնենք, հայտնաբերվել էր մարտի 1-ին: