Մատչելիության հղումներ

Հայաստանում հեղափոխությունից հետո էլ դատարանների նկատմամբ համատարած անվստահություն է. Պետդեպ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ելույթ է ունենում մարդու իրավունքների տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ, Վաշինգտոն, 11-ը մարտի, 2020թ.
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ելույթ է ունենում մարդու իրավունքների տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ, Վաշինգտոն, 11-ը մարտի, 2020թ.

2019 թվականին Հայաստանում կառավարությունը քայլեր է ձեռնարկել ոչ միայն նախկին իշխանությունների, այլև հենց իր օրոք պաշտոնյաների ու իրավապահների ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ, ասված է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի` մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հերթական տարեկան զեկույցում: Որպես ասվածի ապացույց` Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը վկայաբերել է բարձրաստիճանների նկատմամբ անցած տարի սկսված քրեական գործերն ու դատավարությունները:

«Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատաքննությունը` պարզելու նրանց ենթադրյալ մասնակցությունը 2008-ի նախագահական ընտրություններից հետո բանակը ցուցարարների դեմ հանելու գործում։ Առաջադրված են մի շարք մեղադրանքներ` սահմանադրական կարգի տապալումից մինչև կոռուպցիա և Մարտի 1-ի գործով ձեռք բերված ապացույցների կեղծում», - նշում է Պետդեպը, թվարկելով գործով անցնող բարձրաստիճան պաշտոնյաների անունները` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Փաստելով, որ նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, Պետդեպարտամենտը միաժամանակ մեջբերում է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի արձագանքը. - «Այդ քայլերը պետք է արվեն զգույշ և խստորեն համապատասխանեն օրենքի գերակայությանը, դատարանների անկախությանը, թափանցիկությանը՝ խուսափելու հնարավոր վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության մեղադրանքներից»:

Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը միաժամանակ նշում է, որ 2008-ի ողբերգական իրադարձություններից ավելի քան մեկ տասնամյակ անց` 2019-ի հունիսին, Հայաստանի խորհրդարանը օրենք ընդունեց Մարտի 1-ի տուժածներին աջակցություն տրամադրելու մասին, կառավարությունն էլ այդ նպատակով 720 միլիոն դրամ` 1,5 միլիոն դոլար հատկացրեց:

Անդրադառնալով անցած տարի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խախտումներին, Պետդեպարտամենտը հատուկ առանձնացրել է դատական համակարգի անկատարությունը, ընդգծելով` էական խնդիրներ կան արդարադատության անկախության հետ կապված: «Թեև օրենքը երաշխավորում է արդարադատության անկախությունը, համակարգը հիմնականում իրեն անկախ ու անաչառ չի դրսևորում», - փաստում է Պետդեպը, հավելելով` 2018-ի իշխանափոխությունից հետո էլ դատավորների նկատմամբ համատարած անվստահություն է տիրում, հասարակական կազմակերպություններն էլ նշում են` դատական համակարգում կան շատ պաշտոնյաներ, որոնք ծառայել են նախորդ իշխանություններին, դատավորների կաշառակերությունն էլ մնում է մտահոգության առարկա:

Զեկույցը հիշեցնում է նաև դատարանների դռներն արգելափակելու` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսյան կոչը, պնդելով, թե դա ակնհայտորեն արձագանք էր նախկին նախագահ Ռովերտ Քոչարյանին կալանքից ազատելու` Երևանի առաջին ատյանի դատարանի որոշմանը: «Որոշ դիտորդներ այդ քայլը գնահատեցին որպես ճնշում դատական համակարգի նկատմամբ», - նշում է զեկույցը:

Խոսելով դատական համակարգի մասին` Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է` 2018-ի հեղափոխությունից հետո ընդդիմադիր մի շարք գործիչներ ազատ են արձակվել նախնական կալանքից, ակնարկելով թերևս «Սասնա ծռեր»-ի, Վահան Շիրխանյանի ու մյուսների դեպքերը: «Իրավապաշտպանների խոսքով՝ նրանց քրեական գործերում հանգամանքներ չեն փոխվել, ինչը վկայում է, որ մինչ թավշյա հեղափոխությունը դատավորները նրանց գրավի դիմաց ազատ չէին արձակում և պահում էին կալանքի տակ քաղաքական շարժառիթներով», - նշում է զեկույցը:

Դատական համակարգը քննադատության է արժանացել նաև կասկածյալներին համատարած նախնական կալանքի դատապարտելու հին ավանդույթը լայնորեն կիրառելու և առանց հստակ հիմքերի կալանքի ժամկետը երկարաձգելու համար։ «Երկարատև ազատազրկումը շարունակում է մնալ խրոնիկ խնդիր Հայաստանում», - պնդում է Պետդեպարտամենտը՝ մեջբերելով կառավարության վիճակագրությունը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ բանտերում պահվողների 45 տոկոսը անազատության մեջ է առանց վերջնական դատավճռի:

Շարունակում է խնդրահարույց մնալ նաև իրավիճակը ոստիկանական բաժանմունքներում ու քրեակատարողական հիմնարկներում։ «Իրավապաշտպանները պնդում են` հանգամանքը, որ ոստիկանները անցյալում իրենց չարաշահումների ու կտտանքների համար անպատիժ են մնացել, նպաստել է, որ նմանատիպ դեպքերը շարունակվեն, թեև թավշյա հեղափոխությունից հետո դրանց թիվը նվազել է», - նշում է Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հավելելով` դիտորդները պնդում են, որ անցյալում տեղի ունեցած այդ հանցանքների համար մեղավորներն անպատիժ են մնում, քանի որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում միայն ղեկավարությունն է փոխվել, հիմնական կազմը, սակայն, մնացել է նույնը:

Բանտերում դիտորդություն իրականացնող փորձագետներն էլ իրենց հերթին նշել են` այս ոլորտում կաշառակերությունը վերացնելու քաղաքական կամքն ամենաբարձր աստիճանի վրա է հիմա, սակայն այն դեռևս չի վերածվել ինստիտուցիոնալ փոփոխության:

Ի դեպ, կոռուպցիայի մասին. Պետդեպը փաստում է` ժամանակին Հայաստանը հայտնի էր բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` շինարարությունում, հանքարդյունաբերությունում, խորհրդարանում ու դատական համակարգում առկա համատարած կոռուպցիայով: «Տևական ժամանակ մեղադրանքներ էին հնչում պետական միջոցները յուրացնելու, պաշտոնյաների կասկածելի բիզնես գործունեության ու կառավարության հետ կապեր ունեցող ընկերություններին տրված մաքսային ու հարկային արտոնությունների վերաբերյալ», - փաստում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընդգծելով` թավշյա հեղափոխությունից հետո պետական կառույցներում ու նախարարություններում քրեական գործեր են հարուցվել, ըստ դատախազության՝ 13 ամսվա ընթացքում իրավապահները 110.5 միլիարդ դրամի`մոտ 230 միլիոն դոլարի յուրացման, հափշտակության ու պաշտոնական դիրքի չարաշահման դեպքեր են հայտնաբերել, բյուջե է վերադարձվել 30 միլիարդ դրամ` մոտ 63 միլիոն դոլար:

«Որոշ նախկին պաշտոնյաներ պատրաստակամություն են հայտնել պետությանը փոխանցել իրենց սեփականությունը՝ թերևս քրեական հետապնդումից խուսափելու համար», - փաստում է զեկույցը՝ մեջբերելով իրավապաշտպանների մտահոգությունը, թե անհրաժեշտ է, որ կառավարությունն առավել թափանցիկ ներկայացնի այդ պաշտոնյաների հետ իր բանակցություններն ու կոռուպցիայի դեմ պայքարը դարձնի ավելի համակարգված:

Խոսելով բացթողումների մասին` Պետդեպը նշում է` անցած տարի լրատվամիջոցներում հաղորդումներ են եղել, թե Պաշտպանության նախարարությունը լիակատար տեղեկատվություն չի տրամադրում բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ, քննությունն էլ դրանց մեծ մասը որակում է որպես ինքնասպանություն, ինչը հարազատներից շատերն են կասկածի տակ դնում: Միաժամանակ, նշվում է, որ ըստ իրավապաշտպանների՝ անցած տարի նախարարությունն առաջին անգամ բանակում մարդու իրավունքների պաշտպանությունը դասել է իր գերակայությունների շարքում, վստահության գիծ ստեղծել, որով զինվորները կարող են իրենց բողոքները հայտնել, աջակցություն խնդրել կամ առաջարկներ ներկայացնել:

Դիտողություններ կան նաև լրատվական դաշտի վերաբերյալ. Պետդեպը նշում է` թեև թավշյա հեղափոխությունից հետո ազատությունն ավելացել է, այդուամենայնիվ, պնդումներ կան, որ որոշ լրատվամիջոցներ խուսափում են իշխանություններին քննադատելուց, որպեսզի հակահեղափոխական չերևան: «Հանրային հեռուստատեսությունը, ըստ իրավապաշտպանների, շարունակում է լուրերը ներկայացնել կառավարամետ տեսանկյունից», - նշում է զեկույցը, միաժամանակ հավելելով` թավշյա հեղափոխությունից հետո հանրային հեռուստատեսությունն ավելի բազմազան թեմաներ է լուսաբանում, առավել բաց է ու հասանելի նաև ընդդիմության համար:

«Թե ովքեր են մասնավոր լրատվամիջոցների տերերը` հստակ չէ, իշխանությունները հանձն են առել մինչև 2020 թվականի վերջը առավել թափանցիկ դարձնել նրանց անունները, իրավապաշտպանները, սակայն, պնդում են, որ այս հարցը պետք է դիտարկվի որպես գերակայություն», - նշում է Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նախորդ տարիներին, որպես կանոն, Պետդեպի այս զեկույցները քննադատում էին Հայաստանի իշխանություններին համակարգային կոռուպցիայի, լրագրողների և ընդդիմադիրների դեմ բռնությունների, խոսքի ու հավաքների ազատությունը ճնշելու, իրավապահների անպատժելիության ու ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների համար: Այս անգամ, մինչդեռ, Պետդեպարտամենտը փաստում է՝ հայաստանյան վերջին, արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ միջազգային դիտորդների, անցան մարդու հիմնարար ազատություններին համապատասխան` արժանանալով հասարակության լայն վստահությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG