Մատչելիության հղումներ

«Ես թարախ չեմ». կուրթանցի Մեխակը ներել է վարչապետին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ ներողություն խնդրեց կուրթանցի 34-ամյա Մեխակ Առաքելյանից՝ խոստովանելով, թե Գյուլագարակում նրա հետ զրույցի ժամանակ երկու սխալ է թույլ տվել։

«Առաջինը՝ ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, և թերագնահատել եմ էն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող է կաշկանդվեր ասեր՝ «գիտե՞ս ինչ, ես իրականում առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ»։ Ես իմ այս երկու սխալի համար ուզում եմ Մեխակից էլ Առաքելյան և բոլորից, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել», - հայտարարեց վարչապետը։

Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Մեխակը մոտեցել էր երկրի ղեկավարին ու խնդրել բարելավել իր տան պայմանները, ինչին էլ հաջորդել էր Փաշինյանի կտրուկ արձագանքը, թե առողջ տղամարդը մի ուրիշ առողջ տղամարդուց չպետք է տուն խնդրի։ Նրան հորդորել էր աշխատել ու ինքնուրույն ստեղծել իր տունը։

Մեխակը ներել է վարչապետին, ասաց՝ չէր էլ վիրավորվել՝ իրար ճիշտ չեն հասկացել, քանի որ լիարժեք չի կարողացել ներկայացնել ասելիքը։ Նշեց՝ իրականում առողջական բազմաթիվ խնդիրներ ունի։

«Ես էլի ներում եմ իրան՝ պարոն վարչապետին, ես թարախ սիրտ չունեմ», - ասաց նա։

Մեխակի կուրթանցի ծնողները 88-ի երկրաշարժից առաջ Սպիտակ քաղաք են տեղափոխվել։ Նրանց կիսաշեն տունը երկրաշարժից է քանդվել, բայց քանի որ փաստաթղթերով տնատեր չեն եղել, չեն էլ ընդգրկվել աղետից տուժածների ցուցակներում։ Նորից հայրենի գյուղ են վերադարձել, մի տնակ տեղադրել ազգակցի սեփական տարածքում, որտեղ ապրում են արդեն 32 տարի։

Առաքելյաների 10 հոգուց բաղկացած ընտանիքն այսօր զանգեր ու օգնության առաջարկներ է ստացել աշխարհի տարբեր կողմերից։ Երևանի առաջնակարգ բժշկական հաստատություններից խոստացել են լուծել նրա առողջական խնդիրները։

«Մեկն ասում է՝ «մենք կգանք», մեկն ասում է՝ «ընկերներիս կուղարկեմ, իմ տեղը կգան ձեզ կտենան», - ասաց Մեխակ Առաքելյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը վստահեցրեց՝ ընտանիքը գյուղում քարե նոր տուն կունենա. - «Այս պահին մենք մեր ընկերների, գործարարների հետ որոշակի զրույցներ ենք ունեցել, ու կա ինչ-որ խումբ, որ պատրաստ են քո տան հարցը լուծել»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը տեսախցիկի առաջ խոստումները չհրապարակեց, բայց ասաց, որ ընտանիքի բոլոր խնդիրները կլուծվեն՝ մանրամասները քարոզարշավից հետո հրապարակելու պայմանով. - «Ես շատ չեմ մանրամասնի անտեղի շահարկումներ թույլ չտալու առումով, որովհետև գիտեք, որ ընտրական պրոցեսի մեջ ենք»:

Անցած 30 տարիներին ընտանիքը պետությունից աղքատության նպաստ է ստացել, տարբեր բարեգործական ընկերություններից, երբեմն նաև համայնքապետարանից՝ գումար, սնունդ, վառելիք կամ հագուստ։ Բայց շարունակական օգնությունները չեն լուծել խնդիրները։

Երեք չափահաս տղամարդ ունեցող ընտանիքը գյուղում որպես ժամանակավոր բնակիչ սեփական հող, անգամ տնամերձ չունի։ Ասում են՝ տարիներ առաջ վարձակալել, բայց դրանից օգուտ չեն քաղել. - «Հող ենք վերցրել արենդով, մշակել ենք, բայց ոչ մի արդյունքի չենք հասել, մենակ հողի հարկ ենք տվել, ումից հող ենք վերցրել, մենակ հողի հարկ ենք տվել, ոչ մի բան չենք կարեցել ստեղծել: Խոսքի կարտոշկա ենք ցանել, բայց չի եղել, նորմալ չի եղել»:

Տան մյուս բնակիչներն էլ ասում են. - «Օրվա հաց ենք ճարում: Օր աշխատել ենք, օր կերել: Գնացել ենք Ռուսաստան, քաշված հետ ենք եկել, էս 4 տարի է՝ գնում ենք, խաբում են, փող չեն տալիս»:

Անցած 30 տարիներին Առաքելյաններն իրենց մեկը երկու դարձնելու հնարավորություն չեն ունեցել։ Տնակին կպած մի փոքրիկ անասնագոմ են առանձնացրել ու մի կով են պահում։ Տեղը փոքր է։ Ծնված հորթերն ստիպված վաճառում են։

«Այսօր ես եթե տուն ունենամ, այսինքն՝ կունենամ գոմ էլ, հող կունենամ, գոմ, ապրանքով: Էս իմ հորողբոր տարածքն ա, ես ստի օդում կախված եմ, ոչ մի սեփականություն ես չունեմ», - ասաց Մեխակ Առաքելյանը:

Ստեփանավանի զբաղվածության կենտրոնի մասնագետ Գևորգ Դավթյանը եկել, հորդորում էր փաստաթղթերը ներկայացնել՝ զբաղվածության հարցը լուծելու համար. - «Ինքը կգա մեր զբաղվածության տարածքային կենտրոն, մենք իրեն կհաշվառենք, կտեսնենք իր ցանկությունները, իր նախասիրությունները և կփորձենք ինչ-որ ձևով իրեն օգտակար լինել»:

Անգամ Կուրթանի բուժկետի թերապևտն Առաքելյաններին հյուր եկավ։ Նեղացած էր. սոցցանցերում իր առողջական խնդիրների մասին բարձրաձայնող Մեխակը որևէ անգամ չի դիմել իրեն, չի օգտվել իրենց անվճար ծառայություններից։

Կյանքի դժվարություններից դառնացած Մեխակն այսօր անսահման ուրախ էր, աջակցությունների բազմաթիվ խոստումներից՝ շվարած։ Չէր պատկերացրել, որ վարչապետին դիմելու և օժանդակություն ստանալու իր անհաջող փորձն այսքան մեծ արձագանք էր ստանալու։

Վարչապետն այսօր խոստացավ՝ Մեխակը զարգացման աջակցություն կստանա:

«Ես 30 տարի ա, 29 տարի ա՝ լավ օր չեմ տեսել էլի, որ ասեմ, մտածել եմ, մտածել եմ, բայց ոչ մի բանի չեմ հասել», - եզրափակեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG