Մատչելիության հղումներ

Բորելը ողջունում է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտներում զարգացումները Հայաստանում


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը և քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր: Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների իրականացմանը: ԵՄ բարձր ներկայացուցիչը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և ՀՀ կառավարության հաստատակամ ու հետևողական քայլերն այդ ուղղութամբ:

Որպես ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր բաղադրիչ՝ Փաշինյանը և Բորելն անհրաժեշտ են համարել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` ԵՄ պետությունների կողմից հնարավորինս արագ վավերացումն ու դրա լիարժեք կիրարկումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորություններին:

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ: Ժոզեֆ Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հիշեցնենք, նույն օրը ավելի վաղ Հայաստանի վարչապետը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG