Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորի կարծիքով՝ իրավապահ համակարգում դավաճանություն իրականացրած անձինք պաշտոնանկ են արվել


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ճեպազրույցի ժամանակ, Երևան, 9-ը մարտի, 2020թ.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ճեպազրույցի ժամանակ, Երևան, 9-ը մարտի, 2020թ.

«Իրավապահ համակարգում գուցե դավաճանություն դրսևորվել է, որի պատժամիջոցը եղել է աշխատանքից ազատումը», - այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ակնարկելով, որ խոսքը կարող է լինել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին։

Հիշեցնենք, անցած ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, թե «իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և հանձնարարություններով»։ Փաշինյանն անուններ չէր տվել, հետևաբար լրագրողներն այսօր իշխանական պատգամավորներին հարցրին՝ ովքե՞ր են այդ պաշտոնյաները։

«Իրավապահ համակարգում, ըստ էության, գուցե դավաճանությունը դրսևորվել է, և ինքը՝ սանկցիան, որպես այդպիսին, եղել է պաշտոնից ազատումը, և մենք, վստահ եմ՝ դուք էլ գիտեք, թե ունեցել ենք բարձրաստիճան պաշտոնատար իրավապահ համակարգում ինչպիսի անձինք, ովքեր այսօր չեն աշխատում և այսօր էլ բացահայտ շարունակում են իրենց գործունեությունը այլ դաշտում», - պատասխանեց Գաբրիելյանը։

«Իմ քայլի» պատգամավորը նաև ընդգծում է՝ պետական դավաճանություն ասելով, պետք չէ հասկանալ միայն Քրեական օրենսգրքի հենց այդ հանցակազմը, կարելի է դավաճանել նաև սկզբունքները, կարելի է հանցագործություններ կոծկել և այլն։

Մինչդեռ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանիդլյանը պնդում է՝ վարչապետի մակարդակով արված հայտարարությունները չպետք է մնան որպես հայտարարություններ, անհրաժեշտ է լուրջ քննություն իրականացնել, և վարչապետի այդ հայտարարությունները, այդ թվում՝ ծրարով փող ստացած նախարարների մասին, պետք է պաշտոնապես կա՛մ հերքվեն, կա՛մ հաստատվեն։

«Այո, այս հայտարարությունների հետքերով անհրաժեշտ է ուղղակի գնալ և կա՛մ հաստատել, կա՛մ հերքել, սա շատ կարևոր է, որովհետև չի կարող վարչապետն ուղղակի անել այդ որակի, այդ տիպի հայտարարություններ կամ դավաճանների մասին իրավապահ մարմիններում չկա որևէ անուն, կան ընդամենը հայտարարություններ։ Ես կարծում եմ՝ ասել որևէ մեկին, որ կա դավաճան, այդ եզրույթը գոնե ընկալո՞ւմ ենք՝ ինչ է նշանակում, ինձ համար դա պետական անվտանգության մակարդակի հարց է, երբ որ վարչապետը որևէ մեկին որակում է որպես դավաճան։ Հետևաբար այս հայտարարության հետքով կա՞ գնացող, կա՞ բացահայտող՝ ով է դավաճանը և ինչ է արել, որ դավաճանել է», - ասաց Թանդիլյանը։

Խորհրդարանական ճեպազրույցներին, պատգամավորներն անդրադարձան նաև հանրաքվեի քարոզարշավին։ Ընտրական քարոզարշավին մասնակցող իշխանական «Իմ քայլի» պատգամավորները վստահեցնում են՝ մարդիկ իրազեկված են, որ ապրիլի 5-ին տեղի է ունենալու հանրաքվե։ Ինչպես նշեց Սիսակ Գաբրիելյանը, իրենց հանդիպած քաղաքացիների զգալի մասը հակված է «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի (ՍԴ) 7 անդամների պաշտոնանկության հարցին։

«Այսինքն այդ իրազեկվածությունը կա, շատ դեպքերում անգամ, երբ այդ թռուցիկները տալիս էինք, ասում էին՝ «մենք արդեն տեղյակ ենք», հակվածությունը համենայնդեպս մեզ հանդիպած, եթե այսպես ասեմ, 100-ից 98-ը «Այո»-ի կողմնակիցներ էին։ Այդտեղ մի հետաքրքիր բան էլ նկատեցի, որ, օրինակ, նաև մեր գործընկերներին, հատկապես՝ ընդդիմադիր, խորհուրդ կտամ իսկապես դուրս գալ «Ֆեյսբուք»-ից և տեսնել, որ այս երկրում ոչ միայն ֆեյքերն են իրենց հայհոյում կամ չսիրում, այլ նաև իրական քաղաքացիները», - նշեց պատգամավորը։

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը անօրինական որակած «Լուսավոր Հայաստանը», որը չի մասնակցում հանրաքվեի քարոզարշավին, նույնպես նշում է, որ խնդիրներ «Այո»-ի հաղթանակի համար չեն լինի, հաշվի առնելով, որ ժողովուրդը վստահում է իշխանությանը։

«Ժողովուրդը վստահում է իշխանությանը, և, հետևաբար, մտահոգություն ես չունեմ, որ կարող է չանցնի», - ասաց Մարուքյանը։

Արձագանքելով իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի դիտարկմանը, թե քարոզարշավի ընթացքում իրենց շփումները ցույց են տվել, որ քաղաքացիները ընդդիմությանը հայհոյում են ոչ միայն «Ֆեյսբուք»-ում, այլ նաև իրական կյանքում, Էդմոն Մարուքյանն ասաց, թե պատգամավորի այդ հայտարարությունը խիստ մտահոգիչ է համարում։

«Եթե իշխանության ներկայացուցիչը կարծում է, որ նորմալ է, որ հայհոյում են մարդկանց, կապ չունի՝ ում, ՀՀ քաղաքացուն որ հայհոյում են, դա շատ լուրջ մտահոգվելու մեզ տեղիք է տալիս։ Եթե մենք լինենք իշխանություն, ՀՀ որևէ քաղաքացու հայհոյելուց լինեն, մենք կմտահոգվենք դրա համար և գործողություններ կանենք։ Եթե տենց հանգիստ ռեժիմով ասվում է, որ «տեսեք, դուրս եկեք փողոց, բոլորը հայհոյում են», տենց ինչ-որ հպարտությամբ է դա հրամցվում, ես կարծում եմ՝ շատ սխալ է դա, էլի», - ընդգծեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

XS
SM
MD
LG