Ինչ կանանց տոն կամ օրացույցով ֆիքսված այլ հատուկ օրեր, Կարինե Սարգսյանը պատրաստ է տոնի վերածել բոլոր նրանց կյանքը, ում կհաջողվի նրա ձեռքն ընկնել:
«Որովհետև ես պրոֆեսիոնալ նվագում եմ, что вы говорите», - ասում է նա:
Դաշնամուր է նվագում 2 մարզադպրոցներում, որպեսզի սաները համաչափ և անպայման ոգևորված քայլեն, ստանդարտ ու կրկնվող նոտաներ տիկին Կարինեն չունի. - «Նոտաներ շատ ունեմ...»:
Հետո մարզադպրոցի սաները կարող են վազել... Ինքը շատ սպորտային կին է, սնդիկ իր մասին կարճ է կապում` չի հանդուրժում հարցերը, ակնարկները տարիքի վերաբերյալ. - «Ինձ որ ասում են մայրիկ, ես ասում եմ հոպ, բարև տատիկ, ասացի` տատիկը մայրիկդ է, շորտիկով տատիկ ե՞ս տեսել, այ տղա»:
Կարինե Սարգսյանը 30 տարի թատրոնում էր, վերջին 10 տարին` մարզադպրոցում, թատրոնից չի հեռացել, այստեղ մի քիչ տխրում է` հեռացրել են. - «Հանել են մարդիկ, որոնց ես սկի 3 չէի նշանակի, զրո»:
Ըմբոստ էի, ասում էի` ինչ մտածում եմ, ու «վռնդեցին», հիմա «վռնդողներից» շատերը հանգուցյալ են, ու նրանց ստվերի հետ դերասանուհին երբեմն կռվում է. - «Մտնում եմ ապտեկա, ասում եմ` ի՞նչ կարող եմ խմել, որ 100 տարվա մեռելների հետ կռիվ չանեմ»:
Ֆոտոալբոմը լի է թատերական անցյալի դրվագներով, և ինքն էլ` սրտակեր գեղեցկուհի, բայց երբեք չի ամուսնացել, սերեր եղել են, ասաց, շատ և տարբեր, բայց. - «Ճաշակս էր բարձր»: Մնացած հարցերին գերադասում է երաժշտությամբ պատասխանել:
Իտալիա և իտալական ամեն ինչ, տիկին Կարինեի նախընտրությունն է, մի քանի ամսից դարձյալ կգնա շրջագայելու: Քրոջ հետ է ապրում, բայց տան գործերի հետ գլուխ չունի, իր օրակարգում միայն արվեստն է, իհարկե համով ուտել սիրում է, երեկ երկուսով խորոված են պատվիրել. - «Անպայման խորովածի հետ խմում ենք տնական օղի»:
Կանայք Հայաստանում երջանիկ չեն, վստահ պնդում է տիկին Կարինեն, ավելացնում` տղամարդիկ էլ. - «Ասեմ ինչու, որովհետև նախանձը շատ է»:
Ինքը երջանիկ է, երբ հաճույք է պատճառում, երբ ուրախացնելու հնարավորություն կա, երբ ուրիշ մարդ կա մոտակայքում. - «Ախր ես ուրախ չեմ է, ես ուրախացնող եմ, պատահական մարդկանց ժպտում եմ, կոմպլիմենտներ եմ անում: Անում եմ մի կոմլիմենտ, սենց է անում` յա, դե հիմա»:
Աշխատեք զվարթ լինել ու զվարթ պահել կողքիններին, դերասանուհու խորհուրդն է, հետո հորդորում է ապրել իմպրովիզով:
Բեմը թողած դաշնակահարուհին հիմա ֆիլմի մի սցենար ունի և դրա համար փնտրում է շնորհքով մի ռեժիսորի, ասում է` պրոֆեսիոնալ դերասաններ էլ պետք չեն, սովորական մարդիկ են խաղալու, ում թեման գրավի, թող դիմի տիկին Կարինեին. «Տերտերի մասին է, անազնիվ տերտերի մասին է»:
Կանանց տոնի մաղթանքն էլ ուղղված է տղամարդկանց` թող շատ ջերմ ու ուշադիր լինեն իրենց մոտիկ և հեռու գտնվող կանանց նկատմամբ, անցորդների, անծանոթուհիների նկատմամբ: Ինքը չի ամուսնացել, սակայն չի խրախուսում կրկնել իրեն. - «Ամուսնացեք»:
Անորոշ և անհասկանակլի իրավիճակներում և հիմա էլ տիկին Կարինեի փրկությունը սև ու սպիտակ ստեղներն են, կարող է երկար նվագել, ասում է` մինչև զգա, որ դիմացինը հոգնել է: