Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. Կանանց նկատմամբ բռնության դրսևորումներն անթույլատրելի են


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով, հայտնում են կառավարության աշխատակազմից:

«Թեև մեր երկրում կանանց իրավունքների պաշտպանության առումով ակնհայտ խնդիրներ ակնառու չեն, մշտապես տեղին է կանանց իրավունքների հետ կապված հարցերի քննարկումն ու բարձրաձայնումը:

Ցավոք, կանանց նկատմամբ բռնության դրսևորումներ մեր հանրության շրջանում դեռևս տեղի են ունենում, ինչը անթույլատրելի և անընդունելի է, առավել ևս բռնությունից զերծ հանրություն ունենալու մեր համազգային տեսլականի համատեքստում«, - նշված է վարչապետի ուղերձում:

«Մեր խնդիրն է՝ բարձրացնել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների մակարդակն ու որակը, որն ի վերջո պիտի հանգեցնի համապատասխան մարմինների կողմից դրանց կանխարգելմանն ու բացառմանը:

Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր», - ասված է ուղերձի մեջ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ նոր Հայաստանում կանայք պետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով լինեն ակտիվ, քաղաքական, տնտեսական, հանրային առաջնորդության ավելի մեծ հնարավորություններ ունենան։

Տոնի առթիվ ուղերձով է հանդես եկել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն. «Մեր մաղթանքն է ձեզ, սիրելի կանայք և օրիորդներ, որ Բարձրյալն Աստված Իր ամենախնամ Սուրբ Աջով պահպանի և զորացնի ամենքիդ՝ օրինակելի ընթացքով, սիրո, նվիրումի և հոգատարության ձեր նախանձախնդրությամբ շարունակելու ջանքերը՝ հանուն ձեր ընտանիքների երջանկության, մեր ժողովրդի շեն ու ծաղկուն կյանքի, մեր հայրենիքի հզորության ու բարօրության»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG