Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր ասել է, որ Իդլիբում հրադադարը պահպանվում է:
«Մենք կշարունակենք հանդես գալ իբրև ուժ, որը զսպում է հրադադարի խախտումները: Որևէ խախտում դեռ չի եղել», - ասել է Աքարը:
Նրա խոսքերով՝ Թուրքիան կդիմի ինքնապաշտպանության այն դեպքում, եթե իր հենակետերը կամ ստորաբաժանումները հարձակման ենթարկվեն:
Հրադադարը կնքվել է Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում:
Գործարքը ենթադրում է թուրքերի և ռուսների կողմից համատեղ պարեկություն Իդլիբում, այդ թվում՝ տարածքով անցնող հիմնական մայրուղու շրջանում:
Պարեկությունը պետք է սկսվի մարտի 15-ից: Աքարի խոսքերով՝ հաջորդ շաբաթ ռուսների զինվորական պատվիրակությունը կժամանի Անկարա, որտեղ կքննարկվի համատեղ պարեկության հետ կապված խնդիրը:
Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում սատարում են հակամարտության տարբեր կողմերին, ինչի հետևանքով ի հայտ էր եկել այդ երկու երկրների զորամիավորումների ուղիղ բախման սպառնալիք:
Իդլիբում հրադադար հաստատելու նախկին մի քանի փորձերը ձախողվել են: