Մատչելիության հղումներ

ՓՄՁ-ների զարգացման ռազմավարությունը կարևոր նշանակություն ունի տնտեսության զարգացման գործում. Փաշինյան


ՓՄՁ-ների զարգացման ռազմավարությունը շատ կարևոր նշանակություն ունի ընդհանրապես մեր տնտեսության հետագա զարգացման գործում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարության շուրջ խորհրդակցության ընթացքում:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, թե մի շարք եվրոպական երկրներ իր կատարած այցերի ընթացքում ունեցած շփումների ժամանակ արձանագրել է, որ հիմա որոշ զարգացած երկրներ իրականացնում են խոշոր ձեռնարկությունների մասնատման ծրագիր: Վարչապետի խոսքով՝ փորձ է արվում խոշոր կորպորացիաները վերածել մոտավորապես այնպիսի մի բանի, ինչը բարձր տեխնոլոգիական որորտում ընդունված է անվանել էկո համակարգ, այսինքն՝ հնարավորինս մասնատել խոշոր օբյեկտները, հնարավորինս ապահովել նրանց փոխգործելիության մեխանիզմները, գործունեության ճկունությունը, բազմաֆունկցիոնալությունը, որպեսզի ընկերությունները հնարավորինս քիչ կախված լինեն գործունեության նեղ տեսակներից, ճկուն լինեն՝ կողմնորոշվելով շուկայի պահանջներին համապատասխան:

«Այս առումով, կարծում եմ, որ ՓՄՁ-ների զարգացման ռազմավարությունը շատ կարևոր նշանակություն ունի ընդհանրապես մեր տնտեսության հետագա զարգացման գործում, նաև տնտեսական հեղափոխության մեր հայեցակարգը կյանքի կոչելու առումով: Այնպես որ, մենք պետք է կարողանանաք աշխատել, որակյալ ռազմավարություն ունենալ և այն նաև որակով կյանքի կոչել», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանատուները զեկուցել են, որ ռազմավարության թիրախներն են՝ ՓՄՁ-ներում արտադրողականության, զբաղվածների աճի ապահովումը, շուկաների ընդլայնումը, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացումը՝ պետական աջակցության գործիքակազմերի միջոցով:

Ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերով ակնկալվում է նաև ՓՄՁ-ների համար ֆինանսական հասանելիության մակարդակի բարձրացում: Իրականացվելու են նաև ՓՄՁ աշխատակիցների համար ֆինանսական գրագիտության բարձրացման և թափանցիկ գործունեության խրախուսմանը, կորպորատիվ մշակույթի կիրառելիության խթանմանը, տեխնոլոգիական լուծումների խրախուսմանն ուղղված միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG