Մատչելիության հղումներ

Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների համոզմամբ, ոստիկանն այսօր անպաշտպան է


Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը (ձ) և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը (ձ) և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը հավանական է համարում, որ Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարներ Արման Սարգսյանն ու Էդուարդ Մարտիրոսյանը վերանշանակվեն իրենց պաշտոններում։

Խաչատրյանը, ով մինչև 2018-ի հեղափոխությունը ոստիկանության համակարգում է եղել՝ զբաղեցնելով նաև ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, ընդգծում է, որ փոփոխություններ նրանց պաշտոնավարման անցած 6 ամիսների ընթացքում տեսել է և կցանկանար, որ վերջիններս շարունակեին իրենց աշխատանքը։

Ամեն դեպքում, ինչպես նշեց Արմեն Խաչատրյանը, որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է, ով, հիշեցնենք, այս շաբաթ Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, թե որոշում ունի, թե ում նշանակել ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններում, բայց այն կհրապարակի մարտի 19-ին։

«Եթե կոնկրետ անձնական իմ կարծիքն եք հարցում, այո, ես կարծում եմ, որ կարող են իրենք մնալ իրենց պաշտոններում, և կարող են իրենք ավելի ակտիվ գործել, և մնալու դեպքում նրանք շատ ծանր բեռ ունեն իրենց ուսերին՝ նախ այդ ամբողջ բարեփոխումների ընթացքը, և դրա հետ համատեղ նաև առօրյա խնդիրների, իրենց պարտականությունների կատարումը, որը բավականին ծանր բեռ է։ Եթե պատրաստ են այդ բեռը կրելու, այո, ես համաձայն կլինեմ, որ իրենք մնան այդ պաշտոններում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ հավանական է համարում այդպիսի զարգացումը։

Խաչատրյանը թեև իրավապահ մարմինների պաշտոնակատարների անցած 6 ամիսների աշխատանքը բավարար է գնահատում՝ ընդգծելով, որ դրական փոփոխություններ շատ կան, բայց համակարգում առկա թերություններն ու խնդիրները, ըստ նրա, բազմաթիվ են։

Իրավապահ մարմինները, նրա խոսքով, իրենց առջև դրված խնդիրները չեն կարողանում լուծել օբյեկտիվ պատճառներով, քանի որ նախ իրավապահներին պարզ չէ իրենց լիազորությունների շրջանակը, և հետո նրանք այսօր չունեն ո՛չ իրավական և ո՛չ էլ սոցիալական պաշտպանվածություն։ Վստահ չեն, որ իրենց գործողություններից հետո չեն պատժվի, արդյո՞ք կարող են օրենքով պաշտպանված լինեն նույն հանցավոր աշխարհի դեմ պայքարում. - «Այսօր Ոստիկանությունն էլ, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն էլ սոցիալական և իրավական պաշտպանվածության լուրջ խնդիրներ ունեն, և այսպիսի կարգավորումներով առավել արդյունքներ սպասելի էր չէր։ Թեև լուրջ խնդիրներ ունեն սոցիալական, իրենք առաջնային են համարում իրենց իրավական պաշտպանվածության խնդիրները, լիազորությունների շրջանակների հստակեցումը։ Այսօր այդ նույն Ոստիկանության ծառայողը, Ազգային անվտանգության ծառայողը կարող են պետության շահերից ելնելով որոշակի գործողություններ անել, և քանի որ հստակեցված չեն իրենց գործողությունները և լիազորությունները, կարող են հայտնվել քրեաիրավական դաշտում, ու նույնիսկ մեղադրանքներ առաջադրվեն նրանց»։

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի իշխանական անդամը բարեփոխումների կարիք է տեսնում ոչ միայն Ոստիկանությունում, այլև ԱԱԾ-ում, և տվյալ դեպքում՝ նաև կադրային ռեսուրսի առումով։ Ըստ Խաչատրյանի, Հայաստանի ԱԱԾ-ն պետք է իր կադրերը պատրաստելու հնարավորություն ունենա սեփական ուսումնական հաստատությունում։ Այսօր ԱԱԾ-ի կադրերը պատրաստվում են Ռուսաստանում, ինչը, ըստ Արմեն Խաչատրյանի, չի կարելի այլևս հանդուրժել։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» խուսափում են ասել, թե արդյո՞ք կցանկանային, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարները վերանշանակվեն, թե՞ կարծում են, որ նրանք պետք է հեռանան։

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը անցած 6 ամիսների ընթացքում լուրջ փոփոխություններ իրավապահ համակարգում չի նկատել, սակայն ևս պնդում է, թե ոստիկանն այսօր անպաշտպան է և անտեսված, ինչի հետևանքով երկրում աճել է հանցավորության մակարդակը. - «Ոստիկանը անպաշտպան է հենց նույն հանցագործներից։ Ոստիկանը վախենում է գնա հանցագործին բռնի, վախենում է, որ էդ հանցագործը միգուցե վաղը բողոքի իր վրա և իր դեմ քրեական գործ սկսի, որ հանցագործին բաց թողնեն։ Նախկինում մենք ունեինք երբեմն ամենաթողություն։ Դրանից հրաժարվել են, փառք Աստծո, բայց նաև պետք է անատամ չսարքենք ոստիկանին։ Ով էլ նշանակվի, ես հուսով եմ, նա լրջագույն փոփոխությունների ծրագրով կգա, որովհետև եթե այսպես շարունակվի, մենք կվերադառնան 90-ականների սկիզբ, երբ ամեն բակում կրակոցներ էին լսվում, տարբեր հանցավոր խմբեր էին ձևավորվում»։

Գորգիսյանը համարում է, որ հանցավորության մակարդակը երկրում բարձրացել է. - «Իհարկե բարձրացել է. դա վիճակագրությունն է վկայում, առօրյա մեր շփումներն են վկայում։ Միանշանակ բարձրացել է»։

Հավելենք, որ այժմ հանրային քննարկման է դրված Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է Ոստիկանությունը վերածել Ներքին գործերի նախարարության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG