Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը դժգոհ է տեղամասային հանձնաժողովներում իշխանության ընտրությունից


Սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող Հայ ազգային կոնգրեսից Արմեն Խաչատրյանը բացատրություններ է ակնկալում իշխանությունից՝ ինչո՞ւ իրենց բոլոր ներկայացուցիչները չեն ընդգրկվել տեղամասային հանձնաժողովներում։

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը «Այո»-ի կողմի խնդրանքով մոտ 1200 հոգու անուն է ներկայացրել, նրանցից, Խաչատրյանի խոսքով, նշանակվել են միայն 180-ը։ «Այո»-ի կողմը ապրիլի 5-ի հանրաքվեին երկուական անդամներ կունենա բոլոր 2008 տեղամասային հանձնաժողովներում։

«Մարդիկ են, ովքեր գոնե վերջին 10 տարվա ընթացքում անընդհատ եղել են այդ պրոցեսի մեջ, ընդ որում եղել են պայքարողի, այսպես ասենք, ձայն պահողի դիրքերում: Ստացված վիճակը, որ այդ հանձնաժողովներում հայտնվել են նախկինում ընտրական գործընթացներում շատ կասկածելի վարք դրսևորած ու, մասնավորապես, ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ ներկայացուցիչներ, իսկապես մտածելու տեղիք է տալիս և նաև մտահոգությունների տեղիք է տալիս», - ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան, արխիվ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան, արխիվ

Եղել է թյուրըմբռնում, տեղի ունեցածին իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Հովակիմյանի արձագանքն է։ Պատգամավորը կարծում է՝ ճիշտ չէ մարդկանց անարգանքի սյունին գամել միայն այն բանի համար, որ նրանք 2018-ի արդար ու թափանցիկ ճանաչված ընտրություններում Հանրապետականի ցուցակով եղել են հանձնաժողովական։

«Ունեինք մտավախություն, որ կարող է այնպես լիներ, որ «Ոչ»-ը, օրինակ, չնշանակի: Մենք, ունենալով այդ բազան, նաև լրացուցիչ բազա, ապահովել ենք անվտանգությունը: Երբ մենք իրենցից խնդրել ենք մեզ տալ հանձնաժողովականներ, մենք չէինք կարող դիտարկել նման բան՝ 100 տոկոս, որովհետև մենք մեր ռեսուրսը չէինք կարող իսպառ թողել դուրս, ու ես հայցում եմ իրենց ներողամտությունը, որ այսպիսի թյուրըմբռնում է, բայց մենք, օրինակ, մեր մյուս գործընկերոջ՝ «Հանրապետություն» կուսակցության նկատմամբ ավելի մեղավոր ենք. եթե ՀԱԿ-ի ցուցակի մի մասը՝ գոնե 20 տոկոսն ընդգրկվել է, այն դեպքում շատ քիչ է ընդգրկվել՝ մեկ տասնյակի է հասնում», - նշեց Հովակիմյանը:

Արմեն Խաչատրյանի ձևակերպմամբ՝ քննադատությանը չի դիմանում իշխանության այս օրերի արձագանքը, թե երբ արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքը կա, կապ չունի՝ ով է ընդգրկված հանձնաժողովներում. - «Այն մարդիկ, ովքեր արատավորված են եղել ընտրական պրոցեսների մեջ, այլևս չպիտի զբաղվեն երբևէ ընտրական պրոցեսով: Այստեղ խնդիրն այն չէ՝ այդ մարդը կանի, թե չի անի, խնդիրն այն է, որ ով արել է, իսկ նման դեպքեր հաստատ երկուսը չեն, հարյուրավոր են, հազարավոր են: Ամբողջ սոցիալական ցանցերը պայթում են այս պրոցեսից հետո: Իշխանությունը շատ զգույշ պետք է լիներ»:

Վերջին երկու օրերին ակտիվորեն քննարկվում է հարցը, թե 500-ից ավելի մարդ խորհրդարանական վերջին ընտրություններում ՀՀԿ-ի ու Դաշնակցության, իսկ այժմ «Այո»-ի կողմից է ընդգրկվել հանձնաժողովներում: Պնդումներ կան, թե նույն այդ մարդկանց մի մասը նախկին իշխանությունների օրոք մասնակցել է ընտրակեղծարարությանը։ Վահագն Հովակիմյանը պնդում է՝ «Այո»-ի կողմից հանձնաժողովներում ընտրակեղծարարներ չեն ընդգրկվել։ Ասաց՝ մեկ առ մեկ ստուգել են այն մարդկանց տվյալները, որոնք Հանրապետականի իշխանության տարիներին որպես ընտրախախտումներ իրականացրածներ հայտնվել են դիտորդների և ընդդիմադիրների ուշադրության կենտրոնում։

«15 թվականին «Թրանսփարենսին մի հատ մեծ ցուցակ էր արել, 80 քանի անուն էր այնտեղ: Հատուկ ես հանձնարարել եմ, ասել եմ՝ կարո՞ղ է այս անուններից մարդ հանկարծ մեր ցուցակներում հայտնված լինի, նշանակածների, մեկ դեպք է հայտնաբերվել: Ուղղակի որ կառույցն առաջարկել էր, ասել ենք՝ անձին հորդորեք, որ գնա, ինքնաբացարկ տա ու գնա, չլինի հանձնաժողովում», - հայտնեց պատգամավորը:

XS
SM
MD
LG