Մատչելիության հղումներ

ՀՀԿ խորհրդի երեք անդամներ լքել են կուսակցությունը


ՀՀԿ և կուսակցության խորհրդի նախկին անդամ Լեռնիկ Ալեքսանյան, արխիվ
ՀՀԿ և կուսակցության խորհրդի նախկին անդամ Լեռնիկ Ալեքսանյան, արխիվ

Մոտ քսան տարի Հայաստանում իշխած և 2018 թվականի թավշյա հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար մարմնի՝ խորհրդի երեք անդամներ Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը դուրս են եկել կուսակցությունից՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին մեղադրելով կուսակցությունում քրեաօլիգարխիկ բարքերի ամրապնդման մեջ։ «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։

Նա մանրամասնեց, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը գրել են դեռ այս տարվա հունվարի 13-ին։ «Դուրս ենք եկել անդամությունից՝ հունվարի 13-ին, ես, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը», - ասաց Ալեքսանյանը։ Հարցին, թե ինչո՞ւ են նման որոշում կայացրել, նա արձագանքեց. - «Հիմնականում կուսակցության ղեկավարության վարած քաղաքականությունից, գծից դժգոհություն, այսինքն՝ ղեկավարությունը էն քաղաքականությունը չէր վարում, որը պիտի որդեգրեր էդ կուսակցությունով»։

Ըստ Ալեքսանյանի, իրենց չէր գոհացնում այն, որ «կուսակցությունը դարձել էր պրոֆմիություն, քրեաօլիգարխիկ համակարգի դարձրած, որ կուսակցության մեջ ներխուժեցին, եկան շատ-շատերը, որոնք կուսակցության գաղափարախոսության, քաղաքականության հետ կապ չունեն, կուսակցության մեջ գրավեցին բավականին դիրքեր»։

«Մենք կուսակցությունից դժգոհ չենք, ոչ էլ կուսակցության գաղափարախոսությունից, և այդ կուսակցությանը մենք նվիրել ենք մեր ջահելությունը, և ցավով ենք կուսակցությունից դուրս եկել։ Բայց վերջին շրջանում ղեկավարությունը՝ ի նկատի ունեմ նաև Սերժ Սարգսյանին, որ էդ կուսակցության մեջ, ներկուսակցական կյանքում քննարկումներ, մյուսներ, մյուսներ, չէր կատարվում, խորհրդի նիստեր չէր գումարվում, կուսակցականների փոխարեն կարծիք էր ասվում ղեկավարության կողմից, որոնց հետ շատ-շատերը համաձայն չէին, և վերածվեց մի մարդու կարծիքը ասելու, մի մարդու, մի քանի մարդու, դա կուսակցության կարծիքը չէր», - հայտարարեց Լեռնիկ Ալեքսանյանը։

«Սերժ Սարգսյանը մի քանի տարի է՝ Հանրապետական կուսակցության առաջնորդն է եղել։ Երբ Դուք ասում եք՝ կուսակցությունում քրեաօլիգարխիկ բարքեր են հաստատված, Դուք ի նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն, որ իր օրոք է եղել, ինքն է եղել էդ քրեաօլիգարխիկ համակարգի ղեկավարը, ճի՞շտ եմ Ձեզ հասկանում», - այս հարցին արդեն նախկին հանրապետականն արձագանքեց. - «Ուրեմն, ոչ միայն Սերժ Սարգսյանին։ Ուրեմն, խնդիրն էն է, որ երկրում պայքարը կոռուպցիայի դեմ, թալանի դեմ, մյուսի դեմ, մյուսի դեմ, որ պիտի պայքար արվեր, հենց էդ մարդիկ էին նաև մտնում կուսակցության մեջ, որոնք էդ դրա կրողներն էին»։

Հարցին էլ՝ «Դուք կարծում եք՝ Սերժ Սարգսյանի օրոք էդ քրեաօլիգարխիկ կարգերը ամրապնդվեցի՞ն», Ալեքսանյանը պատասխանեց. - «Շարունակվեցին և ամրապնդվեցին, այո»։

Մեկ այլ հարցին՝ Դուք պահանջե՞լ եք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա պատասխանեց. - «Մենք պահանջել ենք, որ համագումար անեն, մինչև դիմում տալը մի տարի այդ խոսակցությունը գնացել է, փակ նիստ է եղել մեր խորհրդի, մենք այդ երեքով խոսել ենք, այսպես ասած՝ ինքնաքննադատություն կուսակցության, ասել ենք, որ սխալներ ունենք հենց Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ասել ենք, որ այդ սխալները պետք է ուղղվեն, որ մենք պիտի ընդունենք: Այդ խոսակցությունը գնացել է, ես, Ռազմիկը, Ֆիրդուսը, մենք խոսել ենք այդ թեմայով խորհրդի նիստի ժամանակ»:

Ըստ ՀՀԿ արդեն նախկին անդամի՝ կուսակցությունում բոլորը դա ընդունում էին. - «Սերժ Սարգսյանը, բնականաբար, ինքն ասաց, որ դա այդ պահը չի, որ իրոք կա, բոլորն ընդունում էին, Հանրապետական կուսակցությունում բոլորն ընդունում էին, ինքը՝ Սերժ Սարգսյանն էլ, որ կան սխալներ, որոնք պիտի ուղղվեն»:

Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ մեկ անգամ չէ, որ առաջարկել են, որ արտահերթ համագումար հրավիրվի. - «Ոչ թե մերժել են, որ դա չենք անելու, որ ժամանակը չի, ժամանակը կգա, կանենք, բայց բոլոր դեպքերում ոչ միայն համագումար չեղավ, նաև խորհրդի նիստը, կանոնադրությամբ կա պահանջ, որ այդ երեք ամսվա ընթացքում պիտի խորհրդի նիստ լիներ, խորհրդի նիստեր էլ չէին լինում, և ընդհանրապես կուսակցությունն իր անդամների հետ այդ կապը չկար»:

Արձագանքի համար «Ազատությունը» դիմեց Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանին:

«Ես տեղյակ չեմ, մեր մամուլի ծառայությանը դիմեք, հիմա էլ զբաղված եմ», - եղավ նրա պատասխանը:

Երբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից այսօր «Ազատությունը» խնդրեց արձագանքել Լեռնիկ Ալեքսանյանի հայտարարությանը, փոխանցեց. - «Բարի ճանապարհ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG