Մատչելիության հղումներ

Աբովյանի ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում


Աբովյանի համայնքի ղեկավար Վահագն Գևորգյան
Աբովյանի համայնքի ղեկավար Վահագն Գևորգյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի շտապում գնահատական տալ ընտրություններում իր ղեկավարած կուսակցության աջակցությունը վայելած Աբովյանի համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին առաջադրված մեղադրանքին։

«Դա իրավապահ մարմինների տիրույթում է, իրենք թող քննեն: Օրենքի առաջ չի կարող ոչ մեկն աջակցել, օրենքը, գնում է քննություն, մեղավորները պատժվում են, անմեղներն արդարացվում են», - ասաց նա:

Աբովյանի ղեկավարը մեղադրվում է համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու համար, ինքը՝ Գևորգյանը, սակայն, մեղավոր չի համարում իրեն։ Ֆեյսբուքում է գրել՝ դեռևս հակված է կարծելու, որ տեղի ունեցածը թյուրիմացության հետևանք է. «Եթե պարզվի, որ տեղի ունեցածը որևէ մեկի դիտավորության կամ դառը կյանքի հետևանքով ստացած ապտակների արդյունքում առաջացած «նեղվածության» փարատման միջոց է, ապա խոստանում եմ մինչև վերջ հետամուտ լինել, որպեսզի այդ անձը կամ անձինք պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ դա կարող է ինձանից պահանջել»։

Իսկ թե ում է ակնարկում իր գրառման մեջ, Գևորգյանն այսօր հրաժարվեց հարցազրույց տալ: Աբովյանի ղեկավարի ընտրությունների ժամանակ Գևորգյանը լարված հարաբերություններ ուներ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Իշխող կուսակցության անդամ մարզպետը չի կարծում, թե գրառումն իրեն է ուղղված, սակայն անտեղի է համարում։ Պետրոսյանը պարզաբանում է՝ մարզպետարանից Գևորգյանին դեռ մեկ տարի առաջ են զգուշացրել խնդրի մասին։

«Իմ անձի հետ որևէ աղերս չի կարող ունենալ այդ ձևակերպումը և առհասարակ շատ ցածր մակարդակի պաշտպանողական ձևակերպում է դա: Ես կարող եմ պաշտոնապես ասել՝ եթե մեր երկրում դեռևս որևէ անձի դիտավորությամբ կարող են քրեական գործեր հարուցվել, ապա մենք շատ լուրջ խնդիր ունենք, և ինքս նույնպես հետամուտ կլինեմ՝ հասկանալու, թե ով է այդ անձն այսօր, որ կարող է օրենքից վեր դասվել կամ ոչ միայն դասել, այլ ըստ քաղաքապետի՝ օրենքից վեր հանդիսանալ և իր քմահաճույքներով քրեական գործեր պատվիրել», - նշեց մարզպետը:

Ըստ Գլխավոր դատախազության՝ Աբովյանի համայնքապետարանը Ծառուկյանին պատկանող ընկերությանն ապօրինի շինարարության համար մեկ անգամ 2019-ի հունիսի 8-ին է տուգանել, սակայն տարածքում շինարարությունը շարունակվել է։

«Արդեն երկրորդ անգամ դեպքի վայրի զննություն, որը տեղի է ունեցել 20 թվականի փետրվարին, դարձյալ մենք ունենք շինարարության դինամիկա, ինչը ենթադրում է, որ տուգանելու պայմաններում, երբ համայնքի ղեկավարին արդեն ակնհայտ էր, որ տեղի է ունեցել հողի զավթում և ինքնակամ շինարարություն, երկու անգամ դեպքի վայրի զննություն իրականացնելու արդյունքում արձանագրվել է, որ շինարարությունը շարունակվում է, իսկ համայնքի ղեկավարի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել դրանք կասեցնելու ուղղությամբ», - ասաց Կոտայքի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի բազմաբնակարան շենքերի մի մասն արդեն կառուցվել է, սակայն այս պահին շինարարությունը դադարեցված է։

Ծառուկյանն ինքը հաստատում է՝ այդ հատվածում 20 բազմաբնակարան շենք է նախատեսել կառուցել, սակայն ամենևին էլ չի պնդում, թե կառուցապատումն օրինական է եղել. - «Հիմա ինչ ուզում է դնեն էնտեղ, եսիմ կեսը ապօրինի շինություն, 20 սանտիմետր դուրս է եկել, եսիմ ինչ է արել, պետք է կդադարեցնեմ, ես այդպիսի խնդիր չունեմ: Իմ քայլը ես՝ որպես մարդ կատարել եմ, մնացածն իրավական տիրույթում է»:

Գլխավոր դատախազությունից, սակայն, այլ բան են ասում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնը 2200 քառակուսի մետր տարածք է զավթել համայնքից։ Իսկ ինչու այդ դեպքում քրեական գործ չի հարուցվել նաև ընկերության նկատմամբ՝ համայքնի հողատարածքը զավթելու ու ապօրինի շինարարություն իրականացնելու համար, գլխավոր դատախազությունից պարզաբանում են՝ քրեական գործը կարող էր հարուցվել միայն այն դեպքում, երբ Աբովյանի համայնքապետարանը 2 անգամ տուգաներ կառուցապատողին, ինչը չի արվել։

«Պահանջվել է նաև համայնքապետարանից օրինականացման ողջ փաթեթը, օրինականացվել են հետագայում այդ շինությունները, թե ոչ, օրինականացման համապատասխան վարձավճարները օրենքով սահմանված կարգով վճարվել են, թե ոչ, դա արդեն քննության հետագա փուլի խնդիր է», - ասաց դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG