Մատչելիության հղումներ

Հայ-վրացական հարաբերություններում բացառիկ մթնոլորտ է, շեշտում է Փաշինյանը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է: Այդ առիթով մայրաքաղաք Թբիլիսիի գլխավոր փողոցները զարդարվել են Հայաստանի դրոշներով:

Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի, իսկ վերջինս էլ՝ Հայաստանի համար, վրաց գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ շեշտեց Նիկոլ Փաշինյանը: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքով՝ այս բարդ տարածաշրջանում կայունությունը երկու երկրների զարգացման անխուսափելի հիմքն է:

Երկու երկրների ղեկավարները նախ առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում ունեցան:

«Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային և բոլոր այն հարցերի մասին, որոնք այսօր շոշափվում են», - ասաց Գախարիան: Փաշինյանն ընդգծեց, որ ժամանակն է մտածել եթե ոչ ապագա հազարամյակների, ապա գոնե հարյուրամյակների համատեղ զարգացման մասին, և սա պարզապես գեղեցիկ ձևակերպում չէ, այլ ռազմավարություն:

Գեորգի Գախարիան նշեց՝ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Նիկոլ Փաշինյանն էլ ողջունեց այս դիրքորոշումը. - «Եթե ընդհանուր բանաձևերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, ապա վաղուց դրանք լուծված կլինեին։ Մենք յուրաքանչյուր հակամարտություն դիտում ենք իր առանձնահատկությունների մեջ։ Ուրախ եմ, որ այս առումով կարող ենք գործնական և կառուցողական երկխոսություն ունենալ և ունենք Վրաստանի մեր գործընկերների հետ»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ էական նշանակություն ունի ժողովրդավարությունը, որովհետև եթե մարդիկ Հայաստանը և Վրաստանն ընկալեն որպես ժողովրդավարական տարածք, ապա երկրների ներդրումային գրավչությունը կմեծանա։

Վրաստանի վարչապետի և նախագահի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը Հերոսների հրապարակում ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց: Պաշտոնական այցի հաջորդ կանգառը Վրաստանի խորհրդարանն էր: Խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը շտապեց Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոն, որտեղ նրան հայ համայնքի ներկայացուցիչներն էին սպասում: Վարչապետն առանձնահատուկ ողջունեց թիֆլիսահայությանը՝ ընդգծելով՝ Թբիլսին շարունակում է մնալ հայկական մշակույթի կենտրոններից մեկը: Նա նկատեց՝ հայ-վրացական հարաբերություններում բացառիկ մթնոլորտ է, և նախկինում ավելի լավ այս հարաբերությունները չեն եղել, սա նոր հնարավորություն է ստեղծում Հայաստանի և Վրաստանի համար:

«Քաղաքականության հիմքում դնում ենք համահայկականության գաղափարը, որովհետև համայն հայությունն ունի այնպիսի ներուժ, որպեսզի երաշխավորի անկախ, ինքնիշխան Հայաստանի գոյությունը, որպեսզի ուրիշ որևէ մեկը չտնօրինի Հայաստանը», - ասաց Փաշինյանը:

Հայ համայնքի ներկայացուցիչները հիմնականում հարցեր չէին ուղղում, ասում էին՝ Հայաստանի վարչապետն արդեն բոլոր հարցերին պատասխանել է, պարզապես ցանկանում են շնորհակալություն հայտնել. - «Մեծարգո ամենայն հայոց վարչապետ պարո՛ն Փաշինյան, այս խոսքերով դիմում եմ Ձեզ, քանզի Դուք վարչապետ դարձաք ոչ միայն Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, այլև ամբողջ համայն աշխարհի հայերի աջակցությամբ», - ասաց ներկաներից Սամվել Աղեկյանը:

Կառավարության ղեկավարը հավաստիացրեց՝ ժողովրդին երբեք չեն խաբելու, ամենակարևորը վստահությունն է: Վարչապետի խոսքով՝ իրենք իրենց թերություններն էլ չեն թաքցնում: Խոսեց դավաճաններ ունենալու մասին. - «Երբ խոսում էի դավաճանության և դավաճանների մասին, որոնք նույնպես եղել են, և հնարավոր է՝ էլի լինեն մեր իշխանության մեջ, մասնավորապես իրավապահ համակարգում, ըստ էության, դա էլ է իմ խոստովանությունը, սխալի խոստովանությունը և սխալն ընդունելը, բայց հետո որ այդ թեմայով մեկ-մեկ մտածում, տանջվում եմ, ինձ էլի օգնության է գալիս Սուրբ գիրքը՝ Ավետարանը, որ ասում եմ՝ բա եթե դու ի վիճակի չես այնպիսի կադրային քաղաքականություն վարես, որ դավաճանություն չլինի, բա դու որքանո՞վ ես ի վիճակի ղեկավարել երկիրը, ղեկավարել կառավարությունը, ու Սուրբ գիրքն ինչո՞վ է գալիս օգնության, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ, պարզվեց, կան: Այնպես որ, եթե նույնիսկ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, որ որևէ վարչապետ կամ կոնկրետ ես կարող եմ այդպիսի քաղաքականություն վարել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ առաջին իսկ հնարավորության դեպքում Ջավախք կայցելի, շատ տպավորված է նախորդ այցից: Նվեր ստացած շունն էլ, ում անունն Արջուկ է, Կոնդի կառավարական առանձնատների տերն ու տիրականն է, կատակեց նա:

XS
SM
MD
LG