Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ փոխնախարար Գաբրիել Բալայանի այն հայտարարությունը, թե որոշ «իրավապաշտպաններ քայքայիչ գործունեություն են իրականացնում և հրճվում են բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր դեպքով», նախարարության պաշտոնական տեսակետն է։
Բալայանը նախորդ շաբաթ լրագրողների հետ զրույցում նաև ասել էր, թե իրավապաշտպանները փորձում են զոհվածների հարազատներին հրահրել որոշակի գործողությունների՝ հավելելով, թե շուտով իրավապահները կսկսեն զբաղվել նրանցով։ Փոխնախարարը անուններ չէր նշել։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որը տարիներ շարունակ զբաղվում է բանակի խնդիրներով, իր ղեկավարած «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության պաշտոնական տեսակետն է հայտնում. - «Մենք աշխատելու ենք հրապարակային, և ամեն ինչ թափանցիկ է լինելու։ Բանակը հաշվետու է հանրության առջև, նա պարտավոր է բաց և թափանցիկ աշխատել։ Եվ մենք չենք հրաժարվելու մեր աշխատելաոճից»։
Բալայանի հայտարարությունն Ալեքսանյանը գռեհիկ է համարում. - «Առաջին անգամը չէ, որ փոխնախարար Գաբրիել Բալայանը գռեհիկ արտահայտություններ է անում։ Օրինակ, նա ասում էր, որ «զինվորը տանը զենք չունի, գալիս է էստեղ է ինքնասպան լինում»։ Սրանով ինքը ընդհանրապես նսեմացնում է արդեն մահացած զինվորին, ստորացնում է»։
Իրավապաշտպանի գնահատմամբ, փոխնախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ բանակում ոչինչ չի փոխվելու. - «Կադրային մեկ-երկու փոփոխությունը ոչինչ չի նշանակում, եթե մենք հանդիպում ենք այսպիսի գռեհիկ դիմադրության։ Սա նշանակում է, որ ոչինչ չի փոխվելու։ Եվ կառավարությունը ևս շատ թեթև է տանում էս հարցերը։ Կառավարությանը նույնպես չի հետաքրքրում, որ բանակում որևէ բան փոխվի»։
Տարեսկզբից բանակում ոչ մարտական պայմաններում 13 զինվոր է մահացել, որոնցից հինգը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն է գործել։
Այս դեպքերին հետևեցին մի քանի պաշտոնանկություններ, աշխատանքից ազատվեցին Հայաստանի ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ու Ռազմական ոստիկանության պետը, ինչպես նաև Ղարաբաղի պաշտպանության նախարարը։
Բալայանն այսօր նույնպես խոսել է իրավապաշտպանների մասին՝ վստահեցնելով, որ ինքը ոչ մեկի չի սպառնացել. - «Կան որոշակի մասնավոր դեպքեր, և ես, այո, կարծում եմ, որ եթե դրա իրավաչափության հետ կապված խնդիր կա, պետք է իրավապահները զբաղվեն այդ խնդիրներով։ Մասնավորապես, եթե որոշակի օրենքի խախտում է գնացել, և այլ շահ է հետապնդվել, քան հանրային շահը, ապա, այո, դա պետք է համապատասխան իրավական գնահատական ստանա»։
Փոխնախարարի խոսքով, իրավապաշտպանները չպետք է հանրությանն այն միտքը հրամցնեն, թե բանակում բոլորը վատն են. - «Հավատացեք, մեր հասարակության շատ անդամներ շատ բաներ ունեն սովորելու և՛ գեներալների կյանքի փորձից, և՛ նրանց աշխարհահայացքից, և՛ նրանց կազմակերպչական հմտություններից»։
Բալայանն անուններ չի նշում, քանի որ չի ցանկանում դրա հետ կապված ինչ-որ գործընթացների մեջ ներգրավվել, դրա ժամանակը չունի. - «Ես իրականում հենց այդպես էլ նշել եմ՝ որոշ չակերտավոր իրավապաշտպաններ։ Ես որևիցե դեպքում չեմ ցանկացել... Մենք շատ շնորհակալ ենք մեր որոշ իրավապաշտպաններից և կառույցներից, ինստիտուցիոնալ առումով եմ նաև սա ուզում շեշտել՝ ինստիտուցիոնալ առումով որոշ կազմակերպություններ կան, որոնք շատ օգնում են մեզ իրականացնել հենց հասարակության պահանջը զինված ուժերում»։
Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, բանակում թափանցիկություն պահանջող Նինա Կարապետյանցի կարծիքով, պաշտոնյան իր այս հայտարարությամբ թիրախավորել է իրապաշտպաններին. - «Հանրությունը իրավապաշտպաններին ընկալում է որպես քիչ թե շատ պաշտպանված մարդիկ, քիչ թե շատ ճանաչելի մարդիկ։ Երբ որ հանրությունը լսում է, որ իրավապաշտպանների նկատմամբ կարող են քրեական գործեր հարուցվել, այդ մտավախությունը, անհանգստությունը սկսում է հանրության մեջ աշխատել»։
Կարապետյանցը վստահեցնում է, որ կարող են տասնյակ գործերի կարող է օրինակ բերել, երբ որևէ կերպ չեն վարձատրվել։ Դե իսկ Բալայանի այն միտքը, թե կան այնպիսիները, որոնք հրճվում են զինվորների մահերից, ըստ նրա, անցնում է բարոյականության սահմանները. - «Պահանջում եմ, որպեսզի Բալայանը մեկ դրամ, մեկ լումա գումար ցույց տա, որ ես աշխատել եմ զինվորների գործերով։ Թող ցույց տա մեկ դրվագ, որտեղ ես հրճվել եմ զինվորի մահվան կապակցությամբ։ Իրավապահները թող զբաղվեն նախ իրենք իրենցով, իրենց ներսում թող խնդիրները գտնեն, հետո թող զբաղվեն մեզանով։ Ես որևէ խնդիր չունեմ»։
Իրավապաշտպանին վրդովեցրել է նաև այն, որ իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել Բալայանի հայտարարությանը։