Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում քննարկվեցին մի շարք սոցիալական օրինագծեր


Փոփոխություններ կարվեն «Կենսաթոշակների մասին» օրենքում. մինչ այս ոչ կանխիկ, այսինքն քարտով թոշակ ստացողները ամեն տարի պետք է ներկայանային բանկ, որպեսզի շարունակեին ստանալ թոշակը: Ժամանակին չարաշահումները կանխելու համար մտցված այս կարգն այժմ առաջարկվում է վերանայել, օրենքն ընդունելուց հետո երեք ամսվա ընթացքում կառավարությունը նոր կարգ կսահմանի, և բանկերը կկարողանան արդեն հեռահար կերպով ճշտել՝ քաղաքացին Հայաստանի Հանրապետությունո՞ւմ է, թե՞ ոչ։

Փոփոխությունները ներկայացրած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասում է, թե որոշ բանկեր արդեն իսկ նման ծառայություններ մատուցում են, և առաջիկայում մյուս բանկերը ևս իրենց մոտ կգործարկեն այդ համակարգը. - «Բանկ ներկայանալու հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել կենսաթոշակառուների մոտ։ Եվ այստեղ մի լուծում ենք առաջարկել, որը նախատեսում է հեռահար եղանակով բանկի կողմից ինքնության հաստատման գործընթաց»:

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է նպաստ սահմանել մինչև 14 տարեկան անչափահասների խնամակալների համար: Կառավարության հաշվարկներով, նրանք 450-ն են, և այդ նպատակով հատկացվելու է 140 միլիոն դրամ: Թե կոնկրետ որքան է կազմելու այդ նպաստը յոււրաքանչյուրի համար, դարձյալ կորոշի կառավարությունը:
Հետագայում նպաստառուների շրջանակը կընդլայնվի:

Մեկ այլ նախագծով կառավարությունը ամսական 40 հազար դրամի պատվովճար է առաջարկվում սահմանել Ծնողական փառքի մեդալի արժանացած բազմազավակ ծնողների համար: Մեդալակիր ծնողները դեռ միայն 9-ն են:

«Հիմնական երկու պայմաններն են՝ վեց և ավելի երեխաների առկայությունը, ինչպես նաև համայնքում և ընդհանրապես ընտանիքի մասին ձևավորված կարծիքը։ Ծնողական փառքի մեդալ ստանալու համար համայնքը, մարզպետարանը, կառավարությունը՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, վարչապետի գրասենյակը, նախագահի գրասենյակը կարող են առաջարկել թեկնածուներ», - պարզաբանեց Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարի տեղակալ Արման Ուդումյանը:

Պատգամավորները առաջարկեցին կրկնապատկել, անգամ դարձնել 100 հազար դրամ:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյան. - «Իմ առաջարկը այն է, որ իսկապես 100 հազարից պակաս չլինի»։

Մանե Թանդիլյանը հարց բարձրացրեց՝ Հայաստանը մինչև օրս չունի բազմազավակ ընտանիքների մասին օրենք. - «Պարոն Ուդումյան, նաև փոխանցեք նախարարություն, դուք ունեք երեք ամիս ժամանակ բազմազավակ ընտանիքների մասին օրենքը Ազգային ժողով բերելու համար, այլապես դա կանենք մենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG