Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ. Թուրքիան չի կարող ղարաբաղյան գործընթացում որևէ դեր ունենալ


ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Թուրքիան չի կարող ղարաբաղյան գործընթացում որևէ դերակատարում ունենալ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը՝ հակադարձելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Թուրքիայի արտգործնախարարի հանդիպման վերաբերյալ հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ղարաբաղյան գործընթացում, Աննա Նաղդալյանը, Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, արձագանքել է. - «Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ»։

Նախօրեին համանախագահների հետ հանդիպման ժամանակ Մևլութ Չավուշօղլուն նրանց կոչ էր արել ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ գործի: Այդ լուծումը պետք է ամբողջությամբ համապատասխանի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին և այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններին», - հայտարարել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG