Մատչելիության հղումներ

Վթարված վերելակի սպասարկումն իրականացրել է մասնավոր ընկերութուն


Փետրվարի 29-ին Արտակարգ իրավիճակի նախարարությունը տեղեկացրեց, որ վերելակ է պոկվել, տուժած կա։ ԱԻՆ փրկարարների օգնությամբ հորանից հանել են 36-ամյա տղամարդու՝ Արտյոմ Պ-ին։ Վերջինս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Երիտասարդ տղամարդը այս բազմաբնակարան շենք բնակիչ է։ Շենքն ունի երեքից ավելի սեփականատեր. սա նախկին հանրակացարան է, այսօր այստեղ հիմնականում օտարերկրյա ուսանողներ են ապրում, գրասենյակներ են գործում, կան նաև սեփականաշնորհված բնակարաններ։ 7-րդ և 8-րդ հարկերի սեփականատեր Համլետ Կրասկյանից տեղեկացանք, որ այսօր մասնագետներ են եկել, ստուգումներ իրականացրել։ Կրասկյանի փոխանցմամբ, վերելակի 4 ճոպաններն էլ կտրված են եղել։

Քաղաքապետարանից հայտնում են, որ այս վերելակի սպասարկման հետ գործ չունեն։ Շենքը համատիրութուն նույնպես չունի, վերելակի սպասարկումն իրականացրել է մասնավոր մի ընկերութուն։

ԱԻՆ-ից «Ազատությանը» հայտնեցին, որ որևիցե պայմանգիր կնքված չի եղել իրենց հետ։ Վերելակի սպասարկման մասնավոր ընկերության անունը շենքում չեն տալիս։

«Էդ ընկերությունը իմ ընկերություն չի, ես չգիտեմ ինչ ա կատարվել։ Բայց ինչքան տեղյակ եմ, բոլոր բաները արվում ա, բայց կոնկրետ չեմ կարող ասել ինչ ա արվել, ինչ չի արվել», - ասաց Կրասկյանը։

Շենքի տնտեսվար Ալիկը պատմեց, թե վերելակը նոր էր վերանորոգվել ու անսպասելի էր, որ անվտանգության որևէ մեխանիզմ չի աշխատել. - «Ստուգվել ա, բայց չեմ հասկանում։ Մասնագիտական հարցեր ա, դժվար հարցեր ա»։

Մինչդեռ շենքի բնակիչները նկատել էին, որ անգամ վերանորոգումից հետո վերելակը վատ է աշխատում։

Վերելակի հորանը կնքված է, ոստիկանությունից հայտնեցին նյութեր են նախապատրաստում դեպքի առիթով։

«Էրեբունի» բժշկական կենտրոնում երեկ վիրահատվել է վերելակի հորանն ընկած տղամարդը։ Գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանից տեղեկացանք, որ երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում է; ստացել է գանգուղեղային վնասվածք, կողերի կոտրվածք, թոքերի սալջարդ, խնդիր կան ողնաշարի հետ կապված։ Իրավիճակը գնահատում են ծանր կայուն։

«Վիրահատության նպատակը նա է եղել, որպեսզի ողնուղեղը ազատենք բեկորներիցև հույս ունենանք, որ ողնուղեղը շուտ կվերականգնվի, և տղան ինվալիդ չ մնա», - ասաց Մանուկյանը։

Խորհրդանային տարիներից ժառանգություն մնացած վերելակները, որոնք «մահվան վերելակներ» անվանվեցին հենց ներկա իշխանությունների կողմից, այս տարի դարձան քաղաքային իշխանությունների թիվ մեկ խնդիրներից մեկը։ Խոստացել էին տարվա ընթացքում միանգամից 500 հին վերելակ փոխարինել նորերով։

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով, հիմա մրցութային փաթեթն է նախապատրաստվում, հետո գնման մրցույթի կդրվի, և արդեն տարվա երկրորդր կեսին կսկսվի վերելակների փոխարինման գործընթացը։ Փոխարինվելիք վերելակների հստակ ցուցակ արդեն կա, սակայն հասցեները դեռ չեն նշվում. - «Ինչ-որ տարածքային բաժանում չկա։ Հայտնի է, որ ամենաշատ վերելակային տնտեսություններ կան Նոր Նորքում և Մալաթիա-Սեբաստիայում։ Հասկանալի է, որ այդ երկու վարչական շրջաններում համեմատաբար կլինեն ամենաշատ փոխարինումները։ Մենք ցանկը կհրապակենք այն ժամանակ, երբ որ վերջնականորեն պատրաստ կլինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG