Մատչելիության հղումներ

Տարբեր երկրների խոշոր գրադարաններում բացվելու են «Հայ գրքի անկյուններ»


Մեկ տարի առաջ արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Հրաչյա Սարիբեկյանը ստանձնեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություները։

Այսօր «Ազատության» հետ հարցազրույցում նա ներկայացրեց մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքի արդյունքները՝ անդրադարձավ նաև գրադարանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին։

Նախ լուրջ աշխատանք է կատարվել Ազգային գրադարանի հանրայնացման ուղղությամբ, ինչի շնորհիվ ավելացել է ընթերցողների թիվը. - «Ես եկել եմ, չորս հազար հետևորդ է եղել մեր ֆեյսբուքյան էջում, հիմա արդեն տասներկու հազար հետևորդ ունենք։ Ընթերցողների քանակը տարեկան եղել է քսանինը հազար անցած տարի։ Ինձ չի գոհացնում այս ցուցանիշը։ Որովհետև ես շատ ընթերցողներից դժգոհություններ եմ լսել, որ գալիս են, բայց տեղ չկա։ Օրական մենք ունենք 900-950 ընթերցող, բայց կարող էինք ունենալ նաև ավելին»։

Ամենակարևոր ձեռքբերումներից մեկի մասին խոսելիս՝ Հրաչյա Սարիբեկյանը շեշտադրեց , որ պաշտոնավարման այս մեկ տարվա ընթացքում էականորեն վերանայվել է գրադարանի ամբողջ կառուցվածքը, բայց ոչ մի աշխատակից չի կրճատվել, ուժերը առավել արդյունավետ են բաշխվել։ Այս գործընթացը, նրա փոխանցմամբ, շարունակական է լինելու և հեռանկարային։

Այս առումով Սարիբեկյանը շատ կարևոր է համարում այս մեկ տարվա ընթացքում հրատարակչական բաժնի ստեղծումը. - «Առաջին գիրքը, որ մենք ուզում ենք պատրաստել, Արսեն Բագրատունու «Հայ դյուցազն» կլասիցիստական էպոսն է, որի մասին շատերը գիտեն, բայց նույնիսկ նեղ մասնագետներից այդ շրջանի ես որևէ մեկին չգիտեմ, որ կարդացած լինի։ Հիմա մենք ուզում ենք վերաշարադրել արձակ ձևով, ոնց որ, ասենք, Նաիրի Զարյանն է վերապատմել «Սասունցի Դավիթը», և այս ձևով ներկայացնել ընթերցողին։ Ուզում ենք այդ բաժնով հիմնականում հրատարակության պատրաստել նման հրատարակություններ, ֆաքսիմիլեներ, մոռացված արժեքավոր ստեղծագործություններ»։

Ազգային գրադարանը պատրաստվում է նաև մի ուշագրավ նախաձեռնությամբ հանդես գալ. - «Մենք հետագայում այս բաժնի համար նախատեսում ենք նոր տեխնոլոգիայի ներմուծում Հայաստան։ Կոչվում է պատվերով հրատարակություն, երբ որ ընթերցողը որևէ գիրք է ուզում, և տեղում այն մի օրինակով տպագրվում ու տրամադրվում է իրեն»։

Ստեղծվել է նաև արտաքին կապերի բաժին, որի գործունեության շնորհիվ նախատեսում են տարբեր երկրների խոշորագույն գրադարաններում բացել հայ գրքի անկյուններ. - «Արդեն առաջին անկյունը բացվել է Ամստերդամի կենտրոնական գրադարանում»։

Նախատեսում են նաև բացել գրադարանագիտության բաժին, զբաղվել զարգացման տարբեր ծրագրերով, Ազգային գրադարանի գիտական վարկանիշը բարձրացնելուն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում և գիտաժողովներ են կազմակերպվում։ Զուգահեռաբար, իհարկե, կազմակերպվում են նաև բազմաթիվ մշակութային միջոցառումներ, բացվում են նոր ցուցադրությունններ և այլն։

Ազգային գրադարանը մեծ կառույց է և ունի նաև բազմաթիվ խնդիրներ, որոնց անդրադառնալիս Հրաչյա Սարիբեկյանը նախ առանձնացրեց ամենակարևորը՝ տարածքների խնդիրը գրապահոցների և ընթերցասրահների համար. - «Մեր ամենամեծ խնդիրը նկուղային տարածքների վերանորոգումն է։ Գրադարանների համար ամենակարևոր տարածքները նկուղային տարածքներն են՝ պահոցները։ Ինչպե՞ս ենք ուզում լուծել։ Նախ գրքափոխանակության միջոցով. մենք կուտակում ունենք պահոցներում, մոտ 200 հազար կուտակում կա։ Հիմա այդ գրքափոխանակության, «Անկյուն» տաղավարի ծրագրի միջոցով մենք կկարողանանք վերջապես այդ կուտակումներից ազատվել, այդ նկուղային տարածքները վերանորոգել։ Գրքերի պահպանության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Համապատասխան սարքավորումներ, որոնք որ կկարողանան համապատասխան ջերմությունը, խոնավությունը ապահովել։ Գրքերի բուժման համար համապատասխան սարքավորումների ձեռք բերում։ Անցած տարի մենք զգալի տնտեսումներ ենք արել։ Ես կարծում եմ, որ եթե մենք պարբերաբար այդ տնտեսումները կատարենք, մենք կկարողանանք այդ տնտեսված գումարներն ուղղել այդ խնդիրների լուծմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG