Ուրուգվայի նոր նախագահ Լուիս Լակալե Պոուի երդման և պաշտոնի ստանձնման արարողություններին մասնակցելու նպատակով Մոնտեվիդեո է ժամանել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Սիմոնյանը տեղեկացրել է, որ երբ դեսպան Էսթերա Մկրտումյանի հետ միասին ողջունել են նոր նախագահին, Լուիս Լակալե Պոուն մասնավորապես ասել է. - «Արդեն ունենք hինգ տարի աշխատելու համար, որպեսզի ես դառնամ Ուրուգվայի առաջին նախագահը, որը կայցելի Հայաստան»:
46-ամյա Լուիս Լակալե Պոուն Ուրուգվայի նախագահ է ընտրվել անցած տարվա նոյեմբերին։ Նա ավանդական Ազգային կուսակցության առաջնորդներից է, սակայն նրա թեկնածությունը պաշտպանել են 5 քաղաքական ուժեր՝ աջակողմյան «Բազմագույն դաշինքի» շրջանակներում:
Լուիս Լակալե Պոուի հայրը նախագահ է եղել 1990-1995 թվականներին, և նրա օրոք Ուրուգվայն ու Հայաստանը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ: