Մատչելիության հղումներ

Իսրայելում վաղը կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակիցների համար ստեղծվել են հատուկ ընտրատեղամասեր` մեկուսացված վրաններ


Իսրայել-Ընտրական քարոզարշավ Պետախ Տիկվայում, 18-ը սեպտեմբերի, 2019թ.
Իսրայել-Ընտրական քարոզարշավ Պետախ Տիկվայում, 18-ը սեպտեմբերի, 2019թ.

Իսրայելում վաղը` երկուշաբթի, տեղի կունենան վերջին մեկուկես տարվա ընթացքում թվով երրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Երրորդ անգամ ընտրատեղամաս գնալու հարցը, սակայն, երկրում լուրջ քննարկումների տեղիք է տվել` մասնավորապես կորոնավիրուսի տարածման ֆոնին:

Երկրում այս պահի դրությամբ 1300 մարդ գտնվում է կարանտինի մեջ, 7 մարդ հոսպիտալացվել է: Հյուսիսում և հարավում գտնվող բազմաթիվ հիվանդանոցներ հատուկ համաճարակային բլոկներ են ստեղծել՝ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներին մեկուսացնելու համար: Վիրուսն Իսրայել է ներթափանցել «Diamond Princess» նավի վրա գտնվող հրեա զբոսաշրջիկների միջոցով: Ի դեպ, Իսրայելում ազատազրկում է սպառնում այն քաղաքացիներին, որոնք ինքնակամ հրաժարվել են կարանտինի պայմաններից:

Որպեսզի կարանտինում գտնվող քաղաքացիների քաղաքացիական իրավունքները չոտնահարվեն, ու այն մարդկանց համար, որոնք ֆիզիկապես ի վիճակի են գնալու ընտրությունների, ստեղծվել են 14 հատուկ ընտրատեղամասեր, ուր պետք է կարանտինում գտնվող մարդիկ գնան ու կատարեն իրենց ընտրությունը: Դրանք հատուկ վրաններ են, որոնք տեղակայված են բաց տարածքներում, հատուկ մեկուսացված են, ու այստեղ պահպանված են հակահամաճարակային անվտանգության բոլոր միջոցները:

Իսրայելաբնակ հայերի շրջանում խուճապային իրավիճակ չկա: Իսրայելի հյուսիսում ապրող հայ մտավորական, Իսրայելի ու Հայաստանի կոմպոզտորների միության անդամ Նուբար Ասլանյանը մտադիր է մասնակցել ընտրություններին և իր ձայնը տալ ձախակողմյան կուսակցություններին: Ասում է` իր հետ ընտրատարածք է տանելու հայկական թթի օղի ու սխտոր՝ վարակից պաշտպանվելու համար:

Երկրի ամենախոշոր հայկական կենտրոն Պետախ Տիկվայում էլ հայերի մի մասը մասնակցելու է, չնայած կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք որևէ սպասելիք չունեն ընտրությունների արդյունքներից: «Նոյան տապան» հայկական կրթական մշակութային կենտրոնի նախագահ Դավիթ Գալֆայանն ասում է. - «Երրորդ անգամ էլ չեմ գնալու, առաջին անգամն էլ չեմ գնացել, երկրորդ անգամ էլ, երրորդ անգամն էլ չեմ գնալու, որովհետև իրենք անգամ պոլիտիկական խաղերը ...չեն էլ մտածում, իրենք ընտրություններ են անցկացնում ամեն անգամ, իսկ թե ով է մուծելու, հասարակ ժողովուրդը, իրենց ջեբից այս ընտրությունները պետք է մուծեն»:

Երուսաղեմի ՀՄԸՄ-ի ատենապետ Հարութ Բաղամյանն «Ազատությանն» ասաց, որ նույնիսկ իսրայելցիներն են հոգնել ընտրություններից, հայերը` առավել ևս:

Մեկուկես տարի առաջ` առաջին ընտրությունների ժամանակ, ձախակողմյան «Մերեց» կուսակցությունը հանդիպել էր երուսաղեմահայերի հետ, նախընտրական այս քարոզարշավի ընթացքում, սակայն, հայերի հետ որևէ մի քաղաքական ուժ չի հանդիպել: Հարութ Բաղամյանը կարծում է` մասնակից ուժերը, հավանաբար, գտնում են, որ ում նախորդ անգամ ձայն են տվել, այս անգամ էլ կտան իրենց քվեները:

Իսրայելի հայերի համար առավել կարևոր է ընդիմադիրների ու ձախակողմյան կուսակցությունների դաշինքի հաղթանակը, որոնք առավել դրական դիրքորոշում ունեն Հայոց ցեղասպանության Իսրայելի Քնեսեթում ճանաչման նկատմամբ, և կառավարություն կազմելու դեպքում, գուցե, ի տարբերություն ներկայումս կառավարող «Լիկուդի»` բանաձևը չքննարկելու հայտարարություններով Քնեսեթում հանդես չգան:

Հիշեցնենք, այդպես էլ «Բիբի՞ն, թե՞ Բենին կդառնան Իսրայելի վարչապետ ու նոր կոալիցիոն կառավարությունը կղեկավարեն» հարցին երկու խոշոր` «Լիկուդ» և ձախ կենտրոնամետ «Կախոլ Լավան» կուսակցությունները չկարողացան պատասխանել` նախատեսված ժամկետներում ընդունակ չլինելով կառավարություն ձևավորել:

Իսրայելն այն պետություններից է, որտեղ Սահմանադրություն չկա, չկա նաև Սահմանադրական դատարան: Վերջինիս գործառույթը մասնակի կատարում է բարձրագույն դատարանը` ԲԱԳԱՑ-ը: Հունվարի 16-ին երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց կուսակցությունների ու բլոկների գրանցումը. մարտի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 30 մեծ ու փոքր կուսակցություն ու դաշինք:

XS
SM
MD
LG