«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը քիչ առաջ որոշել է չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։ Այս մասին հայտնում է կուսակցության վարչությունը:
«Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։
Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը», - ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր հայտնաբերվել է Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս որոշել է չեղարկել լայն կազմով այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում կուսակցության խնդրանքով նախատեսված 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին մասնակցությունը: