Մատչելիության հղումներ

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման վերաբերյալ խորհրդակցություն


«Աշխատանքային խմբեր ենք գործուղել առնվազն մի երկիր, որտեղ լայնորեն կիրառում են կենսավառելիք կենցաղային պայմաններում, մասնավորապես՝ ջեռուցման նպատակով օգտագործելու մեթոդը», - այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի ունեցած Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման վերաբերյալ խորհրդակցության ընթացքում:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Մենք արդեն բավական երկար ժամանակ ենք այս թեմայի շուրջ աշխատում և ուսումնասիրել ենք աշխարհում գոյություն ունեցող փորձը, ավելի ճիշտ՝ մեր տարածաշրջանում: Աշխատանքային խմբեր ենք գործուղել առնվազն մի երկիր, որտեղ լայնորեն կիրառում են կենսավառելիք կենցաղային պայմաններում, մասնավորապես՝ ջեռուցման նպատակով օգտագործելու մեթոդը: Եվ այս հարցերի քննարկման համատեքստում է, որ ինձ համար գոնե զարմանալի կերպով իմացա, որ բավական տարածված պրակտիկա է նաև Եվրոպայում, այսինքն՝ զարգացած երկրներում, ընդհուպ Մեծ յոթնյակի անդամ հանդիսացող երկրներում»:

Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ խոսքն այն մասին, որ հիմա մեզ արդեն հայտնի ջեռուցման կաթսաները կամ այդ պարամետրերին համապատասխանող կաթսաներն օգտագործվում են ոչ թե բնական գազով կամ հեղուկ վառելիքով, այլ կենսավառելիքով:

«Տվյալ դեպքում կենսավառելիք ասելով նկատի ունենք բրիկետները, պելետները: Իհարկե, պելետների և բրիկետների օգտագործման այլ մեթոդներ էլ կան, և այսօր մենք կփորձենք հասկանալ, թե ինչ եզրակացությունների ենք հանգել և ինչքանով ենք հավանական համարում Հայաստանում այդ մեթոդի կիրառելիությունը: Հիմնականում մեթոդի կիրառելիություն ասելով նկատի է առնվում դրա շուկայական մրցակցությունը մինչ այժմ մեր ունեցած մյուս մեթոդների նկատմամբ: Համենայն դեպս, եթե պարզվի, որ այսօր գազով աշխատող և ջեռուցման նպատակով օգտագործվող կաթսաները կամ այդ համակարգերը կարելի է նաև այս տարբերակով օգտագործել, և դա մեր քաղաքացիների համար կլինի առնվազն նույնքան մատչելի, որքան այսօր գոյություն ունեցող տարբերակները, բավական հետաքրքիր լուր կլինի մեզ համար», - ասել է վարչապետը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ կենսավառելիքի շուկայի զարգացումը կարևոր փոփոխություն կարող է լինել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքակիրթ ջեռուցման համակարգի զարգացման, ապօրինի անտառահատումների և բուսածածկ տարածքների հրդեհների նվազեցման, բնակչության ջեռուցման կարիքների ապահովման, աշխատատեղերի ստեղծման և էներգետիկ անվտանգության առումով:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև Հայաստանում բրիկետների և պելետների կիրառելիության, արտադրող-սպառող գործուն շղթայի ձևավորման հնարավորությունները, շահավետ բիզնես մոդելների տարբերակները, պետական ներգրավվածության մեխանիզմները և այլ հարցեր:

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ հետագա անելիքների շրջանակում յուրաքանչյուրն իր մասով մշակել առաջարկությունների փաթեթ քննարկված հարցերի վերաբերյալ և ներկայացնել դրանք ծրագրի ամբողջական գնահատականի հետ մեկտեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG