Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող կա


Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մանրակերտը, 28 փետրվարի, 2020թ.
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մանրակերտը, 28 փետրվարի, 2020թ.

«Ազդեցություն և հակազդեցություն», այսպես է կոչվում քանդակագործ Ալբերտ Վարդանյանի՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագիծը: Հուշարձանը կտեղադրվի Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում։

Մի շարք եվրոպական քաղաքներում տեղադրված արձանների հեղինակ Ալբերտ Վարդանյանն ասում է՝ քանդակը հակամարտության մասին է․ - «Զորեղ, ծավալուն և լուսավոր, մեկ ուրիշ ուժը ավելի մութ, ավելի բիրտ ուժի հակադրության մասին է խոսքը, այսինքն՝ երկու ուժերն էլ հզոր են, բայց ծավալն ամենազորեղն է, երբ այդ ծավալն կհասնի կուլմինացիային, այդ դեպքում դրա դեմն առնել հնարավոր չի: Ցավալի է, որ նմանատիպ բախումների ժամանակ զոհեր են լինում, ցավը դա է: Բայց ցավ է նաև, որ անհասկացողություն է լինում երկու ուժերի մեջ, այսինքն՝ բալանսի խախտումը բերում է այդ համակարտությանը և այրան: Դրա համար ցանկալի է, որ չլինի: Սա իր հերթին կոչ է ընդհանուր առմամբ բոլորիս, որ այդ բալանսը կարողանանք պահել այդ երկու ուժերի մեջ, որովհետև իրենք նույն մարմնից, նույն հոգուց ծնված մարդիկ են, ու իմաստ էլ չկա հասցնել այդ ամեն ինչը դրան, այդ բախման: Ուղերձը, խոսքը դրան է ուղղված, կոչ, ուղերձ մեզ բոլորիս՝ մարդկանց»:

Վարդանյանի քանդակը բրոնզից ու քարից է։ Ինքը՝ Վարդանյանը 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից է եղել: Ասում է՝ մարտյան իրադարձությունների ձայները մինչև օրս էլ իրեն ուղեկցում են. - «Այդ հիշողությունները ծանր են, որ կրում ենք բոլորս, ցավ է, որը կրում ենք»:

Հուշարձանի գաղափարը մտքում վաղուց է եղել: Հունվարին հայտարարված առաջին մրցույթին չի մասնակցել: Արդեն երկրորդ մրցույթի ժամանակ ամբողջացնելով գաղափարը ու համադրելով տեղանքի հետ՝ ներկայացրել է նախագիծը:

«3-4 մետրի մասին է խոսքը, բայց կարող է ճարտարապետների կամ քաղաքապետարանի հետ աշխատելու ընթացքում ինչ-որ բաներ փոխվեն, որովհետև տեղայնացնելը կարևոր է», - նշեց քանդակագործը:

Հանձնաժողովի կազմում են ճարտարապետներ, քանդակագործներ, արվեստի գործիչներ: Այն նախագահում է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Երևանի քաղաքապետարանը մրցույթն անցկացրել է կառավարության պատվերով, աշխատանքի համար գործադիրը համայնքին հատկացրել է 2 մլն դրամ:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասում է. - «Մասնակիցների առջև խնդիր էր դրված այնպիսի հորինվածք ներկայացնել, որը կբացառեր դիմանկարային նմանությունները զոհերի հետ, և ուրվագծային պատկերներ կլինեին: Ինչպես գիտենք, հունվարին տեղի ունեցած առաջին մրցույթը, ըստ էության, ձախողվեց, հաղթողներ ի հայտ չեկան, և նոր պայմաններով նոր մրցույթ հայտարարվեց, և հաճելիորեն զարմացած էին մրցութային հանձնաժողովի անդամները, որովհետև այս անգամ ընտրությունը բավական դժվար էր արդեն հակառակ պատճառով՝ մի շարք լավ նախագծեր կային, և բավական երկար տեղի ունեցավ հաղթողի ընտրությունը երկար մասնագիտական քննարկումների արդյունքում, հասկանալի է փակ քվեարկությամբ»:

Նախատեսված էր, որ հուշարձանը պետք է պատրաստ լիներ այս տարվա մարտի 1-ին: Քաղաքապետարանից ասում են՝ գերադասեցին կենտրոնանալ լավագույն արդյունքի, ոչ թե ժամկետի վրա։ Հույս են հայտնում, որ հաջորդ տարվա մարտի 1-ին արդեն հնարավոր կլինի ծաղիկներ խոնարհել հուշարձանի մոտ: Մինչ այդ ավանդական դարձած մարտի 1-ի երթը կավարտվի Մյասնիկյանի արձանի մոտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ մարտի 1-ին քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու «Ազատության» հրապարակից մեկնարկող երթին։

Խորդարանական ուժերից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ դեռ չեն քննարկել՝ Փաշինյանի հայտարարած երթին միանալու են, թե ոչ:

«Մենք ամեն տարի ոնց որ անում ենք, այդ ձևով էլ անելու ենք, գնալու ենք, ծաղիկներ դնենք, հարգանքի տուրք մատուցենք», - նկատեց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը փոխանցեց՝ իրենք առաջնորդվելու են իրենց օրակարգով. - «Մենք ամեն տարի, իհարկե, մոմավառություն ենք արել, ծաղիկներ ենք դրել, մենք միշտ շարժվել ենք՝ ըստ մեր օրակարգի»:

2008-ին նախագահական ընտրությունները կեղծված համարող և հետընտրական ցույցերը առաջնորդող նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսից «Ազատությանը» տեղեկացրին՝ երեկոյան կմիանան Փաշինյանի հայտարարած երթին, մինչ այդ կայցելեն 10 զոհերի շիրիմներին և կմասնակցեն Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագին:

XS
SM
MD
LG