1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ և հոգևորականներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։
Վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ պետության ղեկավարը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությունից հետո Վեհափառը մյուս հոգևորականների հետ աղոթք է բարձրացրել Սումգայիթում զոհվածների հոգիների հանգստության համար, ապա ծաղիկներ դրել նրանց հիշատակին կանգնեցված խաչքարերի առջև:
Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։