Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ իր հարաբերությունները ՀՀ ներկայիս իշխանությունների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լավ են: Նա նաև նշեց՝ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն իրեն չեն աջակցում, նրանց վաղուց չի հանդիպել:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Տեղյակ եք, որ շատ է խոսվում Ձեր հարաբերությունների մասին Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ: Եթե ընտրությունների արդյունքում Դուք հաղթանակ տանեք, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարաբերությունները: Մենք տեսնելո՞ւ ենք դարձյալ նույն կարգի հայտարարություններ:
Վիտալի Բալասանյան. - Նախ ո՞վ է ասել, որ իմ հարաբերությունները վատ են Նիկոլ Փաշինյանի հետ: Ասեմ ավելին՝ դեռևս Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում որևէ մեկին չէր ճանաչում, մենք շատ շուտվանից ենք իրար ճանաչում, անձնական որևէ խնդիր չի եղել: Հիմա հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ, ընդհուպ եթե մեր հարաբերություններն անձնական շատ վատ են, ես մտածում եմ պետականորեն, իմ պետության, իմ երկու հանրապետությունների, ավելի բարձր եմ գնահատում, քան իմ անձնականը: Ես երբևիցե չեմ առաջնորդվել իմ անձնական ամբիցիաներով, ընդհուպ ես ամեն ինչ կանեմ, որ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքն էլ չգնա դրան. անձնական ամբիցիաներով մենք երկու հանրապետությունների հարաբերություններն իրավունք չունենք, այդպիսի իրավունք մեզ որևէ մեկը չի տվել, չի տալու:
«Ազատություն». - Ձեր անձնական հարաբերությունները վա՞տ են:
Վիտալի Բալասանյան. - Ոչ, շատ լավ: Մենք որևէ վատ հարաբերություններ չունենք:
«Ազատություն». - Սերժ Սարգսյանի նախագահությանն ի՞նչ գնահատական կարող եք տալ:
Վիտալի Բալասանյան. - Նախ ես չէ, որ պետք է Արցախի հանրապետության քաղաքացին գնահատական տա Հայաստանի Հանրապետության նախկին իշխանություններին, և եթե Դուք գոնե 2005 թվականից ծանոթ եք իմ հայտարարություններին, հարցազրույցներին, համոզված եմ, որ տարբեր լրատվամիջոցներում կգտնեք ժամանակին տված իմ գնահատականները՝ թե՛ դրական, թե՛ բացասական, որոնք, իհարկե, արել եմ միաժամանակ թե՛ քննադատություններ, թե՛ առաջարկություններ: Ամեն ինչ բարդել հիմա նախորդների վրա, գնահատական տալ դա այսօրվա իշխանությունները պետք է գնահատական տան, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները պետք է քաղաքական գնահատական տան, ինչո՞ւ չէ տնտեսական և այլն, մնացած բնագավառների մասին:
«Ազատություն». - Բայց Դուք ունե՞ք Ձեր գնահատականը:
Վիտալի Բալասանյան. - Իմ գնահատականները թողնում եմ ինձ համար:
«Ազատություն». - Չե՞ք ուզում հնչեցնել:
Վիտալի Բալասանյան. - Միանշանակ, ոչ, որովհետև ես չեմ ուզում միջամտել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական հարցերին: Հիմա կարող եք հարց տալ, ասել՝ բա ինչո՞ւ մնացած հարցերով վերջին ժամանակները՝ մեկուկես տարվա ընթացքում տարբեր հայտարարություններ եք անում, Ձեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ վատն են: Ասեմ հետևյալը՝ ես տալիս եմ գնահատական երևույթներին, և ես այն քաղաքացիներից մեկն եմ Արցախում, որը երբ իրավիճակը կամ ինչ-որ բացասական երևույթներ են եղել Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե ես թերթերով եմ բարձրաձայնել, այլ անմիջական իմ մասնակցությամբ, ինչքանով կարողացել եմ այդ լարվածությունը կամ և այլն, դրական հարցեր եմ լուծել իմ մեծ հայրենիքի համար:
«Ազատություն». - Հիմա գնահատականներ հնչեցնում եք Հայաստանի ներքին գործերի վերաբերյալ, բայց նախկինում, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ կապված խուսափում էիք խոսել:
Վիտալի Բալասանյան. - Նախկինում թե՛ Սերժ Սարգսյան, թե՛ Ռոբերտ Քոչարյան, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյան, կարող եք լրատվամիջոցներից ծանոթանալ իմ հնչեցրած թե՛ քննադատությունը, թե՛ առաջարկությունները: Ես միայն ու միայն չեմ քննադատում, միաժամանակ անում եմ այն առաջարկները, ինչպիսին եմ տեսնում:
«Ազատություն». - Հայաստանում տարածված կարծիք կա, որ Ձեզ աջակցում են նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը: Համապատասխանո՞ւմ է իրականությանը:
Վիտալի Բալասանյան. - Միանշանակ ասեմ, որ ոչ, իհարկե, բոլորի հետ հարաբերություններ ես պահում եմ, կարող եմ ասել՝ շատ շուտվանից Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին չեմ հանդիպել:
Ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ստորև.