Մատչելիության հղումներ

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կալվածք չի վաճառում. պատրիարքարան


Տեսարան Երուսաղեմի Հին քաղաքից
Տեսարան Երուսաղեմի Հին քաղաքից

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կալվածք չի վաճառում, պատասխանելով հրեա լրագրող Բարուխ Յեդիդի փետրվարի 13-ին ին Jewish Press-ում լույս տեսած «Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը» հոդվածին` հայտարարություն է տարածել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը:

Ի դեպ, այս օրերի ընթացքում հոդվածը թարմացվել է, քանզի հոդվածում որպես տեղեկատվության աղբյուր նշվող Իլյա Կախաբադիջանի անունը հանվել է` դառնալով անանուն հայ, իսկ իրականում խոսքը գնում էր Էլիա Գահվերջյանի մասին, ով իր մահկանացուն կնքած, համայնքում հայտնի դաշնակցական Գևորգ Գահվերջյանի ավագ որդին է:

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, պատասխանելով հոդվածագրին, թե իբր թուրքերը եկել են թաղամաս ու փորձել են փակել նրանց` Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանը, փաստում է, որ Էլիան ունի լուսանկարչական ստուդիա, որտեղ նա զբաղվում է իր պապի և հոր կողմից արված նկարների վաճառքով, և այն Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան չէ, ստուդիան Երուսաղեմի Հին քաղաքի քրիստոնեական թաղամասում է, և այն պատկանում է Երուսաղեմի Հունաց պատրիարքությանը, և փակելու մասին որևէ խոսք գնալ չի կարող:

«Ինչ վերաբերում է հոդվածում հիշատակված` թուրքերի կողմից հայերին առաջարկված 3000 դոլարանոց դրամաշնորհներին, ապա հարկ է նշել, որ Երուսաղեմի գրեթե բոլոր հայերը սոցիալապես ապահով վիճակում են, իսկ նրանք, որոնք սոցիալապես անապահով են, Երուսաղեմի Հայոց պատրիարքութունը ապահովել է բնակարանով, աշխատանքով և կերակուրով, հետևաբար, սաղիմահայերին հնարավոր չէ գայթակղել 3000 դոլարով», - ի պատասխան այս հոդվածի` գրում է պատրիարքարանի միջեկեղեցական և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար հայր Կորյունը:

Հայ վարդապետը համաձայն է հոդվածագրի միայն մեկ տեսակետի հետ, որ իրոք վերջերս Երուսաղեմում նկատվում է թուրք զբոսաշրջիկների թվի աճ, որոնք մի անգամ պատռել էին հայկական թաղամասի պատին փակցված Հայոց ցեղասպանության պաստառները: Այս դեպքի առնչությամբ անմիջապես բողոք է ներկայացվել ոստիկանություն, որից հետո նման դեպք չի արձանագրվել:

«Ցավոք, սակայն, պետք է նշել, որ այդ պաստառները փակցվել են տասնամյակներ շարունակ, և դրանք միշտ պատռվել են հրեաների կողմից: Ավելին` թուրքերը երբեք գրառումներ չեն արել հայկական թաղամասի պատերի վրա, իսկ հրեական «Թագ Մեխիր» անունով հայտնի խումբը նման գրառումներ հաճախ է արել թե՛ հայկական, և թե՛ քրիստոնեական վանքերի պատերի վրա», - եզրափակում է պատրիարքարանի դիվանապետը:

Այս հոդվածից հետո բազում հարցեր առաջացան, թե ինչու Jewish Press-ը, որը հայտնի է իր հակահայկական հոդվածներով, օրինակ` անցյալ տարի հունիսին լույս տեսած «60 հայ հոգևոր վարժարանի սաներ փորձել են Լինչի դատաստանի ենթարկել երկու հրեայի Շավուոտ տոնի նախօրեին» խորագրով հոդվածը, այժմ հանկարծ փորձում է տեղի հայկական համայնքին ներքաշել նոր խնդիրների մեջ:

«Ազատությունը» մի քանի անգամ զանգահարեց Էլիա Գահվերջյանի լուսանկարչատուն, բայց զանգերին չպատասխանեցին, իսկ համայնքից փոխանցեցին, որ հավանական է` Երուսաղեմում չէ: Որոշ պարզաբանումներ ստանալու համար «Ազատությունը» դիմեց նաև Հոմենընդմենի նախկին ատենապետ Սերոբ Սահակյանին: Նա ասաց, որ հոդվածում նշված թուրքական ներթափանցումը հայկական թաղամաս իրականությանը չի համապատասխանում:

«Ինչ-որ նորություն մեր պարագայում եթե կա, թուրքական զբոսաշրջության ավելացումն է վերջին 2-3 տարվա ընթացքում, այն բազմապատկվել է, մեր թաղով էլ անցնում են իրենց մզկիթ գնալիս, մի քանի հազար թուրքի կարող ես հանդիպել մեկ օրվա ընթացքում», - ասաց նա:

Վերջինս նշեց` որևէ լուրջ միջադեպեր տեղի չեն ունեցել, սակայն թուրքական ներթափանցումն իրոք կա, բայց արաբական շրջանակներում: Թուրքիան վերջին տարիներին արևելյան Երուսաղեմում և Պաղեստինում հանդես է գալիս որպես մուսուլման աշխարհի հովանավոր:

«Եվ այսօր արաբական թաղերի մեջ, Երուսաղեմի արաբական շրջանակների մեջ կամ այլ քաղաքներում կարելի է հանդիպել շատ արաբական առևտրական եկվորների, կան բարեգործական, բժշկական, կրթական հասատություններ, որոնցից շատն այսօր թուրքական ֆինանսավորմամբ է գործում», - նկատեց Սերոբ Սահակյանը:

Բայց այս ներկայությունն անմիջական ազդեցություն հայկական համայնքի վրա չի թողնում: Հոմենընդմենի նախկին ատենապետի կարծիքով` անհանգստացած է Իսրայելի կառավարությունը, որի մասին նաև այս հոդվածագիրն է գրում: Շատ մտահոգիչ է Իսրայելի համար թուրքական տարրի ներթափանցումն ու ազդեցության ավելացումը Պաղեստինում. - «Այդպիսի բան իրականության մեջ կա, դա ուղղակի սպառնալիք է, նաև շատ իմաստով իսրայելյան կողմի համար»:

Ինչ վերաբերում է այս հոդվածին, ապա փորձ է կատարվում հայերին էլ ներքաշել այս հակամարտության մեջ, որին հայերը չարձագանքեցին, քանզի մեր կալվածքների տերը Հայոց պատրիարքությունն է, ու որևէ խնդիր թուրքերի հետ չկա, հակառակ որ հիմնախնդիրներն ավելի Իսրայելի կառավարության հետ են, կարծիք հայտնեց Սահակյանը` հավելելով. - «Մեզ համար ավելի լուրջ գործոն է հրեական գործոնը, դրա համար մենք պետք է զգույշ լինենք, մեր քայլերը պետք է հստակեցնենք, այսպես ասած»:

Հիշեցնենք, 2018թ. մարտի մեկի երեք հարանվանությունների կողմից Սուրբ Հարության տաճարի դռների փակումն ի պատասխան իսրայելյան կառավարության որոշման դեմ, որով վերջինս ձգտում էր հարկատու դարձնել հազարամյակներով հարկ չվճարած կրոնական կառույցներին ու հարյուրավոր միլիոնների գույքահարկի իբր գոյացած պարտքեր էին ստիպել վճարել քրիստոնեական պատրիարքարաններին, որին գումարվել էր նաև պատրիարքարանների երրորդ կողմին հողերի վարձակալության մասին նոր նախագծի Քնեսետում անցկացնելու ջանքերն, ըստ որի քրիստոնյաներն առանց հրեական խորհրդարանի հատուկ հանձնաժողովի թույլտվության չեն կարող վարձակալության տրամադրել իրենց սեփական հողերը:

Հոմենընդմենի նախկին ատենապետ Սերոբ Սահակյանն ասաց նաև, որ «պատրաիրքությունն ու վանքերը պետք է զգույշ լինեն, որ նախադեպեր չլինեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG