Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյան. «Եթե երկրորդ փուլ լինի, այդ փուլում իմ տեղը հաստատ կա»


Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։ «Ազատության» զրուցակիցն է Արցախի արտգործնախարար, Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։

«Ազատություն». – Այն մարդիկ, ովքեր մասնակցում են ընտրություններին, իշխանության մեջ են կամ համեմատաբար վերջերս էին իշխանության մեջ և առանցքային պաշտոն էին զբաղեցնում, օրինակ` Արայիկ Հարությունյանը, Աշոտ Ղուլյանը, Դուք, երբ որ խոսում եք փոփոխություններից, բարեփոխումներից, ձեր ներկայացրածը կարծես խոցելի թվա, որովհետև մարդիկ կնայեն կասեն՝ «բայց չէ որ դուք իշխանության մեջ եք կամ եղել եք իշխանության մեջ, չեք փոխել բավականաչափ, հիմա խոսում եք բարեփոխումներից, սա ո՞նց հասկանանք»։

Մայիլյան. – Իմ մասով ես պատասխանեմ, ես որևէ կուսակցության անդամ չեմ և բնականաբար չունեմ կուսակցություն, որը խորհրդարանում ներկայացված է և նրանն է այսօրվա իշխանությունը, այդ պատճառով ես հանգիստ կարող եմ այդ թեմաներով խոսել։ Ես հիմա կառավարության անդամ եմ, պատասխան եմ տալիս արտաքին քաղաքական ոլորտին և իմ գործը, կարծում եմ, լավ եմ կատարում։

«Ազատություն». – Ընդդիմադիր թեկնածուները խոսում են ընտրակաշառքի վտանգի, խոսում են վարչական ռեսուրսի կիրառման վտանգի մասին, օրինակ են բերում ՏԻՄ ընտրությունները Ստեփանակերտում, որ կայացան, մտահոգություններ են հնչեցնում։ Դուք նման խնդիր, նման վտանգ տեսնո՞ւմ եք, որ հնարավոր է ընտրակաշառք բաժանվի անուղղակի ձևով կամ վարչական ռեսուրսը որևէ թեկնածուի օգտին կիրառեն իշխանությունները։

Մայիլյան. – Հիմա նոր իրավիճակ է մեծ հաշվով, բայց կան ուժեր, որոնք միայն այդ ձևերով են ժամանակին եկել իշխանության կամ ձգտել իշխանության։ Նման փորձ մենք ունենք, օրինակ՝ 2007 թվականին, երբ ես այն ժամանակ մասնակցում էի նաև նախագահական ընտրություններին, մենք այն ժամանակ բարձրաձայնել ենք տարբեր դեպքերի մասին, և մեր շտաբը այն ժամանակ համապատասխան հայտարարություններ ուղարկել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Լրիվությամբ բացառել դժվար է, բայց կարող եմ ասել, որ հիմա ավելի մեծ շանսեր կա վերահսկելու իրավիճակը, հատկապես որ Հայաստանի կառավարությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ աջակցեց և դիտորդներ եղան այստեղ, որոնք նաև կարողացան վերահսկել իրավիճակը։ Իմ տեղեկություններով՝ համապետական ընտրություններին՝ մարտի 31-ին ավելի մեծաքանակ դիտորդներ կունենանք Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև արտերկրից, նաև քանի որ շատ ուժեր են մասնակցում այս ընտրություններին, շատ կուսակցություններ, նախագահի թեկնածուներ, և ամեն մեկն ունենալու է իրենց վստահված անձերը, այսինքն՝ վերահսկողությունը ավելի մեծ է լինելու։ Հույս պահենք, որ ինչի մասին խոսում եք, այդ երևույթները վերջնական արդյունքի վրա չեն ազդի։

«Ազատություն». – Դուք խոսեցիք 2007 թվականի մասին, այն ժամանակ հաղթեց ներկայիս նախագահ Բակո Սահակյանը, կարծում եք՝ իր օգտի՞ն էր կիրառվում այդ վարչական ռեսուրսը։

Մայիլյան. – Կարող եմ հաստատ ասել, որ իմ օգտին չի կիրառվել։

«Ազատություն». – Բացառո՞ւմ եք, որ որևէ մի թեկնածուի կմիանաք, եթե, օրինակ, երկրորդ փուլ լինի և չզբաղեցնեք առաջին, երկրորդ տեղերը։

Մայիլյան. – Ես կարծում եմ, որ ստեղծվող իրավիճակում և այս զարգացումները վերջին օրերին, որ տեղի են ունենում, ընտրությունները ավարտվելու են մի փուլով։ Եթե անգամ երկրորդ փուլ լինի, անշուշտ երկրորդ փուլում իմ տեղը հաստատ կա, և նման խնդիր չի առաջանալու, որ ես որևէ մեկին հետո միանամ կամ աջակցեմ։

«Ազատություն». – Այսինքն՝ Դուք այսպես ասած մինչև վերջ գնալո՞ւ եք։

Մայիլյան. – Այո, մինչև վերջ գնալու եմ և հաղթելու եմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG