Մատչելիության հղումներ

«Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է». Փաշինյան


Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած Անվտանգության խորհուրդների նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստը կայացել է Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդես են եկել ելույթներով:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ երրորդ նիստը, ինչը նշանակում է, որ այսպիսի ֆորմատներով նիստերի անցկացումն այլևս դառնում են անշրջելի ավանդույթ, և խնդիրն այստեղ միայն ավանդույթի մեջ չէ: Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա, և Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում այս առումով բավականին արդյունավետ աշխատանք են իրականացրել։

«Այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենևին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սա նշանակում է, որ ռազմավարության, վեկտորի ուղղությամբ մենք իսկապես ունենք նույնական պատկերացում, և այդ նույնական պատկերացումներն ունեն մի քանի անհրաժեշտ հենասյուներ: Այդ հենասյուներից կարևորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Այս առումով Փաշինյանը կարևորել է, որ ըստ էության, համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն։

«Կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը, և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց, և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Վարչապետը հայտարարել է՝ Հայաստանում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է​

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Արցախի և Հայաստանի համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն անվտանգությունն է, որովհետև «Արցախը և Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են և այստեղ մեր օրակարգը որևէ ձևով չի կարող տարանջատված և տարբերակված լինել»:

«Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում բնականաբար բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է», - ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է. «Այսինքն, բանակի հետ կապված ո՛չ Հայաստանի Հանրապետությունում, ո՛չ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց ցավոք սրտի մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը, և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը, և այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք»:

«Իհարկե, Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը», - նշել է նա:

«Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում»

Անդրադառնալով Արցախում առաջիկայում կայանալիք ընտրություններին, Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի և Ադրբեջանի միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում։

«Եվ իհարկե մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է: Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Բայց մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը ցավոք սրտի գնալով ավելի է լարվում և մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, քան լուծումներ, և այս համատեքստը նույնպես Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կքննարկվի», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշել է, որ ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով:

«Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են և մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարագային կարևոր խնդիրն է և մեր համագործակցության կարևոր առարկաներից մեկը, որտեղ մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք և իհարկե այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա», - հավելել է Փաշինյանը։

Բակո Սահակյանն իր ելույթում կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:

ԼՂ նախագահը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված և հետևողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

Նիստին ներկա են գտնվել նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

XS
SM
MD
LG