Հայաստանի 10 լավագույն մարզիկները այսօր Բաղրամյան 26-ում պարգևատվեցին 5 միլիոնական դրամով, պարգևատրողն էլ անձամբ վարչապետն էր։
Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանն այսուհետ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր է։
Վարչապետի ձեռքից ստանալով մեդալը՝ Նազարյանն ասաց. - «Շատ շնորհակալ եմ մեծ պարգևի համար։ Վերջապես հեղափոխությունը հասավ սպորտին։ Ուրախ եմ, շնորհակալ եմ»։
Երեկ կառավարության նիստին հայտարարվել է, որ պրոֆեսիոնալ մարզիկներին խրախուսելու նպատակով պետությունը այլ քայլեր նույնպես նախաձեռնել է: Օլիմպիական խաղերում առաջին տեղ զբաղեցնող յուրաքանչյուր մարզիկ կստանա 20 մլն դրամ, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար՝ 15 մլն և 10 մլն դրամ։
Ավելանում են նաև օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների ամենամսյա պատվավոր վճարները։
Պարգևատրվեցին հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը, Ռուբեն Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ընդգծեց, որ սպորտը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. - «Մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությունը, և այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին՝ արձանագրելով մեր ազգային և պետական նպատակը՝ մինչև 2050 թվականը ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ»։
Ծանրամարտիկ, գերծանր քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանը կարևորում է այսպիսի միջոցառումները, որոնք, նրա խոսքով, ոգևորում են մարզիկներին. - «Դու զգում ես, որ քո արած արդյունքը զուր չի անցել, և քո պետությունը, քո երկիրը գնահատում է քո արդյունքը։ Մենք բոլորս շատ զգացված ենք այս վերաբերմունքից, և սա ավելի շատ պարտավորեցնում է, որ մենք օլիմպիական տարում ձգտենք ավելի մեծ արդյունքների»։
Ծանրամարտիկների համար առջևում Եվրոպայի առաջնությունն է։ Մինասյանի խոսքով, թիմում վնասվածք ունեցողներ չկան, ամենամարտական կազմով են մասնակցելու։
Դե իսկ Հայաստանի առայժմ վերջին օլիմպիական չեմպիոնը՝ «Սպիտակ արջը», մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկի ունենալու համար խոչընդոտող հանգամանք չի տեսնում. - «Մենք զգում ենք ուշադրությունը մեր կառավարության կողմից, Օլիմպիական կոմիտեի կողմից, մեր սպորտի նախարարության կողմից։ Իմ կարծիքով, ամենակարևորը քրտնաջան աշխատելն է։ Մարզիկները իրենց առջև դնեն նպատակ ու հասնեն էդ նպատակին, և մենք կունենանք լավ արդյունքներ»։
Փաշինյանի խոսքով, սպորտը կարևոր է արժեհամակարգային փոփոխություններ անելու համար. - «Ցավոք սրտի, այսօր Հայաստանում երիտասարդության շրջանում քրեական պսևդոմշակութային ազդեցությունները շատ մեծ են։ Ես մեր չեմպիոնների դերը տեսնում եմ նաև սրա մեջ. որ նրանք դառնան ընդօրինակելի կերպար երիտասարդների համար»։
Արթուր Ալեքսանյանը շաբաթներ առաջ Եվրոպայի առաջնությունում նվաճած ոսկե մեդալը տվել է մարզական լրագրող Կարեն Գիլոյանին։ Դեռ վաղուց էր խոստացել՝ հինգերորդը Գիլոյանինն է։ Հիմա խոստումներ չի տալիս, բայց ասում է, որ ամեն ինչ անելու է երկրորդ անգամ օլիմպիական ոսկին նվաճելու համար։