Մատչելիության հղումներ

Արիստոկրատական, ասպետական մի բան կար նրա մեջ


«Արվեստագետն իր կոչմանը պիտի հարազատ լինի, արվեստագետը պիտի ընդդիմադիր լինի», - ասում էր մեր լավագույն արտիստներից մեկը՝ դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանը, որն ավարտեց իր երկրային ուղին երեկ գիշեր՝ 96-ամյա տարիքում։

Իր մոտ մեկդարյա կյանքի ընթացքում Երվանդ Մանարյանը ոչ միայն հանդես է եկել լավագույն, անմոռաց դերակատարումներով թե՛ թատրոնում և թե՛ կինոյում, այլ նաև մշտապես արվեստագետի բացառիկ ազնիվ տիպար է եղել։ Երբեք չի լռել, մշտապես քննադատել է մեր հանրության, հասարակական ու կուսակցական գործիչների հոռի բարքերը՝ երազելով արվեստի միջոցով ոչ միայն օրինակ ծառայել հատկապես երիտասարդ սերնդին, այլ նաև մանուկներին ու պատանիներին մղել դեպի համամարդկային արժեքներ՝ ազնվության, բարության, սիրո ու կարեկցանքի անվերջանալի աշխարհը, որի քաղաքացին էր իրեն համարում։

Գուցե հենց այդ պատճառով էլ 1988-ին հիմնեց իր «Ագուլիս» տիկնիկային թատրոնը։ Ի դեպ, Երվանդ Մանարյանի անունը կրող տիկնիկային թատրոն է հիմնվել նաև Շուշիում։

Ուշագրավ է , որ մեր ժողովրդի կողմից այդքան սիրված Երվանդ Մանարյանը մինչև թավշյա հեղափոխությունը չէր արժանացել Ժողովրդական արտիստի կոչմանը։ Գաղտնիք չէ, թե մինչև այդ ինչ հեշտությամբ էին բաշխվում կոչումները իշխանահաճո արվեստագետներին, իսկ Երվանդ Մանարյանը նրանց շարքում չէր իր բացախոսության պատճառով, թերևս, և միայն 2018-ին նա արժանացավ Ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ հաջորդ տարի՝ 2019 թվականի նա դարձավ Երևանի պատվավոր քաղաքացի։

Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առնելով Երվանդ Մանարյանի մահվան բոթը, ցավակցական հեռագիր է հղել՝ շեշտելով, որ նա փայլուն ժողովրդական արտիստ էր և մեր հանրապետության ամենաակտիվ քաղաքացիներից մեկը, ով տարիներ շարունակ հանդես էր գալիս հանուն արդարության պայքարի դիրքերից՝ մշտապես արտահայտելով իր հստակ դիրքորոշումը։

Նախագահ Արմեն Սարգսյանը իր ցավակցական ուղերձում շեշտել է, որ ժողովրդական արտիստը հավասարապես սիրելի և ընկալելի էր թե՛ մեծերի, թե՛ մանուկների կողմից, իսկ նրա ողջ գործունեությունը հագեցած մի թատերաշրջան էր, որը, ցավոք, ընդհատվեց։

Այսօր անդրադառնալով սիրված արտիստի անցած ուղուն՝ մեր զրույցի ընթացքում մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալանն ընդգծեց. - «Ինտելիգենտի պահվածք ուներ, արիստոկրատական, ասպետական մի բան կար նրա մեջ։ Նա հանրային ընկալումներում մնալու է որպես արժանապատիվ քաղաքացի, հանրային ընկալումներում մնալու է որպես իսկապես, բառիս խորագույն իմաստով մտավորական, որը չասեց երբեք այն, ինչ չէր մտածում։ Սա շատ կարևոր բան է, սա հայի մի հատուկ տեսակ է... Նա խիզախ մարդ էր, չվախեցավ խոսելուց, չվախեցավ ազատ մտածելուց։ Երբեք չի լռել։ Նույնիսկ իր պատկառելի տարիքում նա շատ ակտիվ քաղաքացիական գործունեություն էր ծավալում։ Եվ իհարկե, նրա ներկայությունը յուրաքանչյուր ֆիլմում տալիս էր մի տեսակ թռիչք, բերում էր մի արիստոկրատական ներկայություն, մի կիրթ, մտավորական գույն էր ներարկում այդ գործերի մեջ։ Էլ չեմ խոսում իր դերակատարման մասին Հայաստանում տիկնիկային արվեստի կայացման գործում։ Ընդհանրապես նրա պատասխանատու վերաբերմունքը մանուկների նկատմամբ անդավաճան, անմնացորդ նվիրում է մարմնացում է։ Ցավում եմ։ Բայց, միևնույն ժամանակ, իրեն հիշելիս մի տես տխուր և, ներեցեք այս բառի համար, դարդոտ չեմ հիշում, որովհետև անցավ արժանապատիվ կյանք, երկարատև կյանք, չարեց մի բան, որի համար կարող էր ինքն ամաչել, կամ կարող էին ամաչել իր զավակները, իր ժառանգները։ Տա Աստված, որ յուրաքանչյուր ոք կարողանա այդքան մաքուր անցնել այն ճանապարհը, որը իրեն է տրված»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG