Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման հերթական փորձը բացահայտելու մասին։
Հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցների և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների փոխգործակցության արդյունքում փետրվարի 15-ին ստուգման է ենթարկվել մաքսային հսկման գոտին անցած Երևան-Կիև չվերթի կասկածելի ուղևորուհին՝ Իրանի քաղաքացին, ում ուղեբեռում հայտնաբերվել է գործարանային փաթեթավորում ունեցող կոնֆետներում քողարկված առանձնապես խոշոր չափերով՝ 5 կիլոգրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որը վերջինս փորձել է մաքսանենգ եղանակով Ուկրաինայի տարածքով տարանցիկ տեղափոխել Մեծ Բրիտանիա։
Ստացվել են տվյալներ, որ նշված ուղևորը Թեհրան-Երևան ավիաչվերթով մուտք է գործել Հայաստան փետրվարի 12-ին և, բնակություն հաստատելով Երևանի հյուրանոցներից մեկում, նույն օրը Մեղրիի մաքսակետով Հայաստան ժամանած հանցակցից ստացել է Իրանից մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Օդանավակայանից բերման ենթարկված մաքսանենգը ձերբակալվել է, նույն օրը՝ Հայաստանի տարածքը լքելիս, ձերբակալվել է նաև վերջինիս հանցակիցը, ասված է հաղորդագրությունում։
Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայում ներգրավված այլ անձանց պարզելու և պատասխանատվության կանչելու, թմրամիջոցների վաճառքից գոյացած ֆինանսական հոսքերի հասցեատերերին պարզելուուղղությամբ, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։