Մատչելիության հղումներ

Հանձնվեցին Գրողների միության ամենամյա մրցանակները


Ամեն տարի գրողները, գրականագետներն ու թարգմանիչները հնարավորություն ունեն մասնակցել Գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխությանը՝ ներկայացնելով իրենց նոր ստեղծագործությունները և, եթե մրցանակաբաշխությունն ավանդաբար տեղի էր ունենում տարեվերջին՝ դեկտեմբեր ամսին, ապա այս տարվանից այն կանցկացվի փետրվար ամսին, քանի որ, ինչպես այսօր մեր զրույցի ընթացքում շեշտեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տարեվերջին ևս գրքեր են հրատարակվում, որոնց հեղինակները հնարավորություն չէին ունենում մասնակցել տվյալ տարվա մրցանակաբաշխությանը։

Եվ այսպես, Գրողների միության նախագահության 2019 թվականի մրցանակների դափնեկիրներն են. պոեզիայի անվանակարգում՝ Գագիկ Սարոյանը (Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ), հրապարակագրության անվանակարգում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի դափնեկիր դարձավ Նանեն, դրամատուրգիայի անվանակարգում Լևոն Շանթի անվան մրցանակը ստացավ Էլֆիք Զոհրաբյանը, Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը գրականագիտության անվանակարգում հանձնվեց Ֆելիքս Բախչինյանին , թարգմանական գրականության համար Հովհաննես Խան-Մասեհյանի անվան մրցանակի դափնեկիր դարձավ Շանթ Մկրտչյանը։ Գրական վաստակի համար նախատեսված Հովհաննես Թումանյանի անվան մրցանակի դափնեկիրներ դարձան Ավիկ Իսահակյանն ու Սուսաննա Հովհաննիսյանը՝ համապատասխանաբար «Վերնատան զավակներն» ու «Հովհաննես Թումանյան» գրքերի համար։

Մրցանակների արժանացան նաև Արմենուհի Սիսյանը, Հակոբ Մուշը, Նորայր Ղազարյանը։

Նշենք նաև, որ այսօր հանձնվեցին նաև «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի ամենամյա մրցանակները։ Տարբեր անվանակարգերում այս մրցանակի դափնեկիրներ դարձան Գուրգեն Խանջյանը, Նորեկ Գասպարյանը, Հենրիկ Էդոյանն ու Տիգրան Գաբոյանը։

«Այս մրցանակը՝ տարվա լավագույն գրքի, երևի թե ամենաշատ սիրված մրցանակն է գրական աշխարհում, որովհետև ամեն գրողի համար պատիվ է կրել, ասենք, Դեմիրճյանի, Իսահակյանի, Թումանյանի անվան մրցանակները։ Բոլոր մրցանակները դրամական հիմքեր ունեն», - նշեց Միլիտոնյանը։

Այսօր այս բոլոր մրցանակները հանձնվեցին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցած հանդիսության ժամանակ։ Իսկ մինչ այդ թանգարանում տեղի ունեցավ Ղազարոս Աղայանի ծննդյան 180-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց. - «Այսօր ուրախալի է, որ Գրականության և արվեստի թանգարանում բացվում են Ղազարոս Աղայանին նվիրված հոբելյանական ցուցափեղկեր։ Կարող եմ հաստատապես ասել, որ Աղայանը առաջին իսկապես լուրջ մանկագիրն էր, որը և՛ գրել է մանուկների համար, և՛ մշակել է հեքիաթներ, և՛դասագիրք է ստեղծել, և՛ ինքն էլ դաս է տվել մանկապարտեզում, դպրոցում, մանկավարժական երկար գործունեություն է ծավալել։ Ես կարծում եմ, մենք պարտք ունենք նրա հանդեպ, և մանկական օջախներից որևէ մեկը, ամենալավը պետք է իր անունով կոչվեր»։

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը,ընդգծելով Ղազարոս Աղայանի կարևորագույն դերակատարությունը մեր գրական, հասարակական, լուսավորչական ոլորտում առհասարակ, ասաց հետևյալը. - «Ցավոք, ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված տարածքը շատ սուղ է ընդհանրապես, և մասնավորապես Աղայանի նման հսկային ներկայացնելու համար։ Հաշվի առնենք, որ խոսքը նույնպիսի վաստակ ունեցող բանաստեղծի, թարգմանչի, մանկավարժի և հասարակական գործչի, հրապարակագիր մասին է։ Մարդ, որ իր հաղթ հասակով կանգնած էր իր ժամանակի առանցքում, մարդ, որը անվիճարկելի հեղինակություն էր նույնիսկ մեր մեծահանճար Թումանյանի համար, Պռոշյանի համար, մյուս ժամանակակիցների համար։ Բացառիկ նյութեր ենք ընտրել այդ հարուստ արխիվից, փորձել են ժամանակի մեջ ներկայացնել Ղազարոս Աղայանին։ Իրերից միայն գահավորակն է ներկայացված։ Դա էլ իր խորհուրդն ունի՝ որպեսզի ցույց տանք, որ Ղազարոս Աղայանի տեղը, աթոռը երբեք թափուր չմնաց։ Նրան հաջորդած բոլոր սերունդների մեջ էլ մենք ունեցել ենք երևելի, տաղանդավոր գրական գործիչներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG