Մատչելիության հղումներ

«Կինոթատրոն Մոսկվա»-ն իրեն պատկանող տարածքը Վանաձորի համայնքին կվերադարձնի 12,5 մլն դրամի դիմաց


Շինարարական աշխատանքներ Վանաձորի Արցախ պուրակի տարածքում, հուլի, 2019թ.
Շինարարական աշխատանքներ Վանաձորի Արցախ պուրակի տարածքում, հուլի, 2019թ.

«Կինոթատրոն Մոսկվա» ընկերությունը Վանաձոր համայնքից 12,5 միլիոն դրամ կստանա իրեն պատկանող 2500 քառակուսի մետր տարածքը համայնքին վերադարձնելու դիմաց։ Այսօր այդ մասին որոշում կայացրեց Վանաձոր համայնքի ավագանին։

Ավելի քան 10 տարի առաջ՝ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը միանձնյա որոշել էր պատմական հուշարձան համարվող Արցախ պուրակի երկու հատվածները վաճառել «Կինոթատրոն Մոսկվա» ու «Գ. և Մ.» ընկերություններին։ «Կինոթատրոն Մոսկվա» ընկերությունը նախատեսում էր նոր կինոթատրոն կառուցել իր սեփականաշնորհած տարածքում, բայց բողոքի ակցիաներից հետո ծրագիրն այդպես էլ չիրագործվեց։

Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանն» ասաց՝ տարածքի սեփականատիրոջ հետ բանակցելիս նշել են, որ այսպես թե այնպես շինարարություն իրականացնելու թույլտվություն երբևէ չեն տա։ Ընկերությունը համաձայնել է տարիներ առաջ իրենց վճարած գումարը ետ տալու դեպքում տարածքը վերադարձնել համայնքին։

«Մարդկանց բացատրեցինք ուղղակի՝ «Կինո Մոսկվայի» սեփականատերերին, որ աղմուկ պիտի առաջանա, խնդիր առաջանա, հանրային հնչեղություն, զուտ դրա համար մարդիկ եկան բանակցությունների, ասացինք՝ փաստաթղթերով ինչ ծախս որ դուք կատարել եք, մենք մտցնենք ավագանի, որոշենք, որ հետ ենք վերցնում ձեզանից էդ հողը, մարդիկ էլ համաձայնվել են, գնացել են», - նշեց Վանաձորի համայնքապետը։

Մամիկոն Ասլանյանը, մինչդեռ, 2017 թվականին հանրային հնչեղությունից ու աղմուկից չէր խուսափել ու շինարարական թույլտվություն էր տվել Արցախ պուրակի մյուս հատվածի սեփականատիրոջը՝ «Գ. և Մ.» ընկերությանը, որն անցած 2 տարիներին մի հսկա շենք է կառուցել իր սեփական տարածքում։ Էլի դժգոհողներ եղան։ Էլի հիշատակեցին, որ Արցախ պուրակը պատմական ու մշակութային նշանակություն ունի, և որ չի կարելի այստեղ կառուցապատում անել, բայց Վանաձորի համայնքապետն ասում էր, թե օրենք չի խախտում, տարածքը սեփականաշնորհված է, և չնայած ներառված է պատմական և մշակութային հուշարձանների ցանկում, բայց կառավարության որոշմամբ հանձնվել է համայնքին հասարակական կառուցապատման նշանակությամբ։ Ուստի համայնքի ղեկավարն ընդունել է մանկական զբաղվածության կենտրոն կառուցելու սեփականատիրոջ առաջարկն ու շինարարության իրավունք տվել։

Շինարարական թույլտվությունից 3 տարի անց, մինչդեռ, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պնդում է, որ ամեն ինչ անելու է նաև «Գ. և Մ.» ընկերությանը պատկանող հատվածը համայնքին վերադարձնելու համար։ Նա պաշտոնական գրություններով դիմել է համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ հորդորելով դիմել դատարան նախկինում արված գործարքներն անվավեր ճանաչելու և ընդամենը 6,5 միլիոն դրամով ձեռք բերված տարածքը համայնքին վերադարձնելու պահանջով։

«Ուզում եմ նաև շեշտել, որ շինարարական թույլտվությունը տրվել է արդեն Մամիկոն Ասլանյանի օրոք, դա նույնպես, էսպես ասեմ, նույն գործելաոճի, նույն շղթայի, նույն վերջնական արդյունքի հասնելու մեկ շղթայի օղակն է, դա նույնպես էդ գործելաոճի և Հանրապետական կուսակցության անդամների մեծամասամբ իրենց գործելաոճն է, որ այդ պրոցեսը հասցրել են իրենց տրամաբանական ավարտին։ Ունենալով էս ամեն ինչը, հիմա Վանաձորի համայնքապետարանն ուղղակի այլընտրանք չունի, պետք է դիմի դատարան և վերականգնի համայնքի խախտված իրավունքները», - ասաց Ղուկասյանը։

Այսօր Վանաձորի համայնքապետն «Ազատությանն» ասաց՝ պատրաստվում են դիմել դատարան, բայց դեռևս որևէ իրավական քայլ չեն արել. «Մենք դիմում ենք դատարան՝ հետ վերադարձնելու պահանջով»։

Լոռու մարզպետը շեշտում է, որ 2006 թվականին, չնայած Արցախ պուրակը ներառված է եղել պատմական և մշակութային հուշարձանների ցանկում, բայց կառավարությունը «միտումնավոր, որոշակի պայմանավորվածություններից ելնելով», որոշել է այն հատկացնել համայնքին որպես հասարակական կառուցապատման հողամաս։ Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կարծում է, որ հնարավոր է սեփականատիրոջը վճարել շենքի կառուցման ծախսերն ու համայնքի սեփականություն դարձնել նաև նորակառույցը, որը դեռևս չի գործարկվել։

«Կարող է էդտեղ, օրինակ, լինել շատ հրաշալի «Թումո» կենտրոն կամ այլ որևէ մի կառույց, որը շատ դրական ազդեցություն կունենա համայնքային կյանքում», - նշեց Լոռու մարզպետը։

«Ազատության» հարցին՝ «Այսինքն կարծում եք, որ շենքը կանցնի համայնքի՞ն», Ղուկասյանը պատասխանեց. - «Այո, նույնիսկ վստահ եմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG