Մատչելիության հղումներ

«Փաշինյանի հայտարարությունը իրականության հետ կապ չունի». Մարուքյան


«Փաշինյանի հայտարարությունը իրականության հետ կապ չունի», - այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Երեկ Բեռլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին, հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը կուսակցականացված և օկուպացված է՝ նշելով. «Այսպիսի վիճակ չենք կարող հանդուրժել»,:

«Բնականաբար, նրա հայտարարությունը իրականության հետ որևէ կապ չունի, չեմ կարծում, թե Գերմանիայում նստած մարդիկ չգիտեն դրա մասին։ «Ազատություն» ռադիոկայանի Youtube-ի տարածքում կա իմ և Վահագն Հովակիմյանի հարցուպատասխանը, եթե չեմ սխալվում, երեկ նայում էի, 60 հազար մարդ էր դիտել արդեն, ես կոնկրետ հարց եմ տվել՝ օրինակ բերեք մեկ ռեֆորմ, որ դատարանը տապալել է, չկա որևէ ռեֆորմ, ասել եմ՝ օրինակ բերեք քաղաքացիներին կեղեքելու դեպքեր վերջին երկու տարիների, որ օրինակ չի բերվել», - ասաց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ դատարանի կուսակցականացված լինելը նույնպես իրականությանը չի համապատասխանում։

«Վստահ եմ, որ, օրինակ, տիկին Ալվինա Գյուլումյանը որևէ ձևով կուսակցականացված անձ չէ, նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր է եղել, հետևաբար, համապատասխանում է բարձր դատարանի չափանիշներին։ Չի կարելի միայն Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել և բոլորին վիրավորել», - նշեց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ հայտարարեց, որ այդ կառույցում կան դատավորներ, որոնք նշանակվել են տարբեր նախագահների պաշտոնավարման ընթացքում, «եթե միայն Հրայր Թովմասյանին նկատի ունի, որը Ազգային ժողովի դահլիճից դարձավ դատավոր, բա մնացա՞ծը»։

«Ըստ էության վավեր փաստարկ չէ, ինչպես նշեց պարոն Մարուքյանը, մենք ուղղակի չգիտենք որևէ բարեփոխում, որ Սահմանադրական դատարանն այսօրվա դրությամբ տապալել է», - նշեց Թանդիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG