Մատչելիության հղումներ

Կոնգրեսն արգելեց Թրամփին միանձնյա պատերազմ սկսել Իրանի դեմ


ԱՄՆ - Դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը (աջից) և հանրապետական սենատոր Մայք Լին ճեպազրույցի ժամանակ, Վաշինգտոն, 12-ը փետրվարի, 2020թ.
ԱՄՆ - Դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը (աջից) և հանրապետական սենատոր Մայք Լին ճեպազրույցի ժամանակ, Վաշինգտոն, 12-ը փետրվարի, 2020թ.

Ամերիկացի օրենսդիրները, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականները, ժամեր առաջ հավանություն տվեցին օրինագծին, որն արգելում է նախագահին պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության:

Վիճահարույց նախագիծն անցած ամիս շրջանառության մեջ էին դրել Թրամփի ընդդիմախոս դեմոկրատները, երբ ամերիկյան օդուժի հարվածներից Բաղդադում սպանվել էր իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սոլեյմանին: Ներկայացուցիչների տանը արժանանալով հավանության՝ առաջարկը երեկ հասել էր Սենատ, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները:

Քննարկումներից առաջ Թրամփը կուսակիցներին հորդորել էր դեմ քվեարկել, զգուշացնելով՝ փաստաթղթի ընդունումը կկապի իր ձեռքերն ու կսանձազերծի Իրանին: «Դեմոկրատները սա անում են միայն Հանրապետական կուսակցությունում խառնաշփոթ ստեղծելու համար, մի՛ գնացեք դրան», - քվեարկությունից ժամեր առաջ Թվիթերի իր էջում գրել էր Սպիտակ տան ղեկավարը:

Չնայած նախագահի հորդորներին՝ կուսակից հանրապետականներից 8-ը կողմ քվեարկեցին դեմոկրատների առաջարկին։ Արդյունքում այն ընդունվեց քվեների 55 կողմ, 45 դեմ հարաբերակցությամբ՝ ստանալով երկու կուսակցությունների հավանությունը։

«Եզակի պատկեր մեր օրերում», - փաստեց Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը։ - «Այս պալատի երկու թևերն էլ մտահոգված են, որ նախագահը չափից դուրս լայն ազատություն ունի պատերազմի ու խաղաղության հարցերում: Երկուսն էլ համամիտ են, որ Կոնգրեսը տևական ժամանակ է՝ իր սահմանադրական լիազորությունները զիջել է գործադիր իշխանությանը: Հիմա մենք կարևոր քայլ ենք անում դրանք ետ վերցնելու ուղղությամբ»:

Ընդունված բանաձևը պահանջում է նախագահից ետ կանչել Իրանի դեմ ռազմական գործողություններում ներքաշված զորքերը, քանի դեռ Կոնգրեսը պատերազմ չի հայտարարել այդ երկրի դեմ, կամ չի տվել ռազմական ուժի կիրառման թույլտվություն:

«Մենք իրավունք չունենք հապճեպ որոշումներով վտանգի տակ դնել մեր երիտասարդների կյանքն ու նրանց ուղարկել մարտի դաշտ», - հայտարարում էր բանաձևի հեղինակ, դեմոկրատ Թիմ Քեյնը, ընդգծելով՝ Ամերիկայի Սահմանադրությունն է պահանջում, որ այդ որոշումը կայացվի օրեսդիրների կողմից, և ոչ թե ընդամենը մեկ մարդու:

«Մենք՝ օրենսդիր այս մարմնի ներկայացուցիչներս, պարտավոր ենք երաշխավորել, որ մեր զինվորներին վտանգի ենթարկելուց առաջ այդ որոշումը նախ արժանանա մանրակրկիտ քննարկման», - նշում էր Քեյնը։

Փաստաթղթին դեմ քվեարկած 45 հանրապետականները, մինչդեռ, պնդում էին՝ այս բանաձևը սխալ ուղերձ կհղի Իրանին:

«Այս կարևորագույն փուլում նախագահը պետք է կարողանա շտապ որոշումներ կայացնել, ոչ թե քննարկումներ ծավալել Կոնգրեսում», - հայտարարել է Միսիսիպիից ընտրված Ռոջեր Վիքերը:

«Մենք պետք է ցույց տանք, որ համախմբված ենք ու ուժեղ, ոչ թե հակառակը», - իր հերթին պնդում էր Այդահոյից ընտրված Ջիմ Ռիշը, ընդգծելով՝ գործող վարչակազմը զիջումների չի գնալու Թեհրանի հարցում. - «Իրան, հաշվի առ, եթե շարունակես նույն ճանապարհը և ետ չկանգնես քո կործանարար գործողություններից, շատ վատ հանգրվանի ես հասնելու»:

Չնայած երեկվա քվեարկությանը՝ փաստաթուղթն ամենայն հավանականությամբ օրենք չի դառնա: Նախագահ Թրամփը զգուշացրել է՝ չի ստորագրելու այն՝ կիրառելով վետոյի իր իրավունքը:

Փաստացի, Կոնգրեսը կարող է հաղթահարել նախագահի վետոն, սակայն դրա համար անհրաժեշտ է արդեն 67 ձայն, այն դեպքում, երբ բուն փաստաթղթին կողմ է քվեարկել միայն 55 սենատոր:

Նախաձեռնության հեղինակ, դեմոկրատ Թիմ Քեյնը, այդուհանդերձ, չի վհատվում՝ «անգամ եթե բանաձևը մնա նախագահի սեղանին, լուրջ ազդակ կհղի նրան և կհիշեցնի՝ ինչ դիրքորոշում ունենք մենք այս առանցքային հարցում»:

XS
SM
MD
LG