Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն որևէ ձևով չի մասնակցի «հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին»


Հայաստանի hանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ կրկին արձանագրելով, որ «ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանադրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական»:

Նախկին իշխող կուսակցությունը շարունակում է պնդել, որ «հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ»:

«Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է», - ասված է հայտարարությունում: - «Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է»:

«Մենք, արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ», - ասված է հայտարարությունում:

Միաժամանակ, նախկին իշխող կուսակցությունը «ցավով ահազանգում է»՝ «միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում»:

Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին, քարոզարշավը մեկնարկում է փետրվարի 17-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

XS
SM
MD
LG