Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների»-ն մտահոգված է Հայաստանում լրագրողների դեմ դատական հայցերի թվի աճով


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության լոգոն, արխիվ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության լոգոն, արխիվ

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանում լրագրողների դեմ դատական հայցերի թվի աճի կապակցությամբ:

Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցը տարածած հայտարարությամբ, մասնավորապես, նշում է 1in.am լրատվական կայքի լրագրող Սոնա Հարությունյանի դեպքը, որը դատարանում էր հայտնվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և News.am լրատվական կայքի միջև կապի մասին իր ֆեյսբուքյան գրառման համար։

Դատարանը վճռել էր, որ նա պետք է «մեջբերեր իր աղբյուրը» և «ստուգեր փաստերը», թեև նա պարզապես իր կարծիքն էր հայտնել ոչ պաշտոնական հարթակում:

Կազմակերպությունը մատնանշում է ևս մեկ դեպք՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի նկատմամբ: Իրավապաշտպան կառույցը պնդում է, որ Մանուկյանը նույնպես հետապնդման զոհ է դարձել իր աղբյուրը չբացահայտելու համար, և նրան սպառնում է քրեական հետապնդում։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, վկայակոչելով վիճակագրությունը, նշում է, որ Հայաստանում վերջին չորս տարվա ընթացքում զրպարտության կամ վիրավորանքի մասին հայցերը եռապատկվել են: Ըստ կառույցի՝ լրագրողների և լրատվամիջոցների դեմ հիմնականում դատական հայցեր են ներկայացնում քաղաքական գործիչները, գործարարները։

XS
SM
MD
LG