Հորդանանի հետ հարաբերությունները ՀՀ-ի համար շատ կարևոր են, այսօր կառավարությունում հյուրընկալելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող այդ երկրի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
«Մեր ժողովուրդը շատ դրական պատմական հիշողություն ունի Ձեր երկրի հետ կապված, քանի որ Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից փրկվածների նկատմամբ, և այս փաստն ավելի է ջերմացնում մեր վերաբերմունքը Հորդանանի և նրա ժողովրդի նկատմամբ», - նշել է Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական և հումանիտար հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և ընդգծել հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով լուծման կարևորությունը:
Նախագահի աշխատակազմից էլ հայտնում են, որ այսօր Հորդանանի նախագահին հյուրընկալել է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջինս հանդիպմանը բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար Հորդանան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրման հարցը:
Զրուցակիցները նշել են, որ արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում: Կարևորվել է նաև ուղիղ օդային հաղորդակցության բացումը երկու երկրների մայրաքաղաքների միջև: