Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն առաջարկում է օրենքում ամրագրել ձերբակալված ու կալանավորված անձանց հետ տեսակցելու պաշտոնյաների իրավունքը


Պատգամավոր Տարոն Սիմոնյանը («Լուսավոր Հայաստան») ներկայացնում է օրինագիծը։
Պատգամավոր Տարոն Սիմոնյանը («Լուսավոր Հայաստան») ներկայացնում է օրինագիծը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է վերացնել ձերբակալված ու կալանավորված անձանց պաշտոնյաների կողմից այցելությունների փաստացի խոչընդոտները, այսօր քվեարկությամբ մտավ լիագումար նիստի օրակարգ։

Նախագիծը գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել, բայց բոլոր խմբակցություններն այսօր կողմ արտահայտվեցին, որ լիագումար նիստում հարցը քննարկվի։

Այս նախագիծը ուշագրավ պատմություն ունի. այն Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնող «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց. - «Այս նախագիծը բերվել է Ազգային ժողով գրեթե բոլոր ընդդիմադիր խմբակցությունների կողմից ու մերժվել է բոլոր իշխանությունների կողմից։ Վերջին անգամ այս նախագիծը այս ամբիոնից հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը։

«Իմ քայլը» խմբակցությունից Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, թե իշխանական պատգամավորները կողմ կքվեարկեն: Թեև հանձնաժողովում տարաձայնություններ կային, բայց դրանք, Բաղդասարյանի կարծիքով, կարելի է լուծել քննարկումների արդյունքում. - «Մեր հանձնաժողովի անդամները քվեարկեցին մի մասը ձեռնպահ, մյուս մասը դեմ այդ նախագծին, և տրվեց բացասական եզրակացություն։ Թեպետ պարոն Սիմոնյանը սկզբունքորեն չհամաձայնեց մեր առաջարկությանը, իմ անձնական կարծիքն է, որ հնարավորություն տանք այս նախագիծը քննարկվի»։

Ի՞նչ է առաջարկում «Լուսավոր Հայաստանը»։ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի համաձայն, երկրի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների նախագահները, Գլխավոր դատախազը, նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու օմբուդսմենը, եթե իհարկե այդ գործով չեն անցնում, կարող են առանց հատուկ թույլտվության մտնել ու դուրս գալ ձերբակալվածներին ու կալանավորվածներին պահելու վայր։ Բայց օրենքում ոչ հստակ ձևակերպումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, և գործնականում պատգամավորների տեսակցությունը հաճախ արգելվում է:

«Գործնականում մենք ունենում ենք այնպիսի վիճակներ, երբ պատգամավորը կարողանում է մուտք գործել, բայց էնտեղ ասում են՝ մուտք ես գործել, նայիր շուրջդ, ուսումնասիրիր և դուրս արի։ Մենք այս նախագծով բերում ենք թույլտվություն առ այն, որ նման հիմնարկների ղեկավարները իրավունք չունեն արգելք սահմանել պատգամավորների, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի համար, ովքեր կարող են մտնել ձերբակալվածների և կալանավորվածների հիմնարկներ և տեսակցել այդ նույն անձանց», - մանրամասնեց Տարոն Սիմոնյանը։

Նա հավելեց, որ հասկանում են նաև այս տեսակցությունների հետ կապված խնդրահարույց հատվածներն ու մտավախությունները. - «Իմ գործընկերներն իհարկե նշում են, որ տեսակցելու իրավունքը հղի է վտանգներով, որովհետև կարող են պատգամավորները, օրինակ, որևէ նախաքննական գաղտնիք տանել-բերել ձերբակալվածների մոտ։ Բայց ես շտապում եմ ձեզ հիշեցնել, որ եթե պատգամավորներին վստահվում է պետական գաղտնիք, ապա ենթադրվում է, որ պատգամավորները նման հասունություն ունեն և իրավագիտակցության բավականին բարձր մակարդակ, որպեսզի նրանք չկարողանան նախաքննության գաղտնիքի մուտքի, էսպես ասած բերել-տանելու խնդրի առաջ կանգնել»։

«Բարգավաճ Հայաստանը ևս կողմ է փոփոխություններին և օրինագիծը շատ կարևոր է համարում: Նաիրա Զոհրաբյանը օրինակներ բերեց սեփական փորձից. - «Քանիցս մենք՝ պատգամավորներս, տարբեր իշխանություն – ընդդիմություն առճակատումների ժամանակ, տարբեր հանրային էսկալացիաների ժամանակ, երբ որ ձերբակալվել են տարբեր անձինք նույն Սարի թաղի դեպքի ժամանակ, փորձել ենք գնալ քրեակատարողական հիմնարկներ։ Մեզ ասել են՝ այո, մտեք շենք, մեզ հրավիրել են պետի առանձնասենյակ ու ասել են՝ կարող եք թեյ խմել, բայց կալանավորին հանդիպել չեք կարող, որովհետև քննչական գործողություններ են կատարվում։ Սա բացարձակ անընդունելի է»։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, թե երբ են սկսել պատգամավորները խոչընդոտների հանդիպել. - «Արգելքը սկսվել է 2010-11 թվականներից, երբ Արդարադատության նախարար է դարձել Հրայր Թովմասյանը, և այս կարգավորումը նախարարության կողմից գործի է դրվել այդ ժամանակ դեռևս անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի տեսակցություններ արգելելու համար։ Ես կարծում եմ, որ պիտի էս հարցը մեկընդմիշտ լուծվի, և մենք պիտի կարողանանք գնահատական տալ այդ ժամանակ կայացված քաղաքական որոշմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG