Վաղ առավոտից Երևանի ՄՈՒԱՏ ՓԲԸ-ի 11 երթուղիներ սպասարկող տասնյակ երթուղայինների վարորդներ գործադուլ էին հայտարարել՝ պնդելով, թե եկամուտը քիչ է, իսկ գործատուն որոշել է օրական պլանը 1500 դրամով բարձրացնել՝ այդպիսով իրենց կողմից վճարվող գումարը հասցնելով օրական 28 հազար դրամի։
«Եթե 1500-ն էլ ա բարձրանում, արդեն 5-6 հազար եմ պարտք մնալու, աշխատավարձ չեմ ստանալու», - ասում է վարորդներից մեկը։
Վարորդների բողոքները լսեց ավտոպարկ եկած Երևանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը, որը հավաստիացրեց, թե «հանձնարարականները տրվել են», «լուծումները կքննարկվեն» և վարորդներին լրացուցիչ չտեղեկատվություն կտրամադրվի։
Ի վերջո պայմանավորվեցին ավարտել գործադուլը ու վերադառնալ բնականոն աշխատանքին։ Առաջիկա շաբաթը կաշխատեն հին օրավարձով, մինչև որ հարցին լուծում տրվի։ Վարորդներն ավտոպարկից դուրս եկան երթուղիներ։
ՄՈՒԱՏ ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Բեգլարյանը պարզաբանեց. - «Վերջին երկու-երեք ամսվա ընթացքում էնքան ֆինանսական բեռ ա ավելացել ընկերության վրա, որ չենք իմանում որտեղից ենք հայթայթելու էդ գումարները։ Մենք դիմել ենք պատկան մարմիններին՝ նամակներով, գրություններով, բանակցություններով, զրույցներով։ Օրենքներ են մտել կիրառության մեջ, և այդ օրենքները պետք է կատարել»։
Վարորդները, Բեգլարյանի խոսքով, ոչ թե ընկերության ղեկավարության դեմ են բողոքում, այլ ընդհանուր իրավիճակից են դժգոհում՝ ծախսերը շատանում են, մուտքերը՝ նվազում. - «Ուղևորահոսքի պակասությունը, քաղաքի երթևեկության անհնարինություն, ամեն ինչի գնաճ, նաև ԱՊՊԱ-ի շատ մեծ թվերի բարձրացում... էդ ամեն ինչը բերել է սրան։ Հիմա նորից ընդհանրացնում ենք մեկ գրության մեջ, փոխանցենք իրանց։ Խոսք են տվել, որ ինչ-որ ձևով մեզ աջակցեն»։
10 օրվա մեջ պիտի հարցը քննարկեն՝ հասկանան, թե ինչպես են աշխատելու։
Ընկերության տնօրենի խոսքով, հասել են մի կետի, որ ընկերությունը, որի ավտոպարկն ամենամեծն է Երևանում, պետք է փակվի. այսօր պատրաստվում էին փակվելու մասին դիմում գրել. - «Հիմա կսպասենք մի 10 օր, տեսնենք ինչ կլինի։ Որովհետև էլ ֆինանսական միջոցներ չկա ուղղակի, բացարձակ անհնարին վիճակ ա»։