Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը «Նաիրիտի» շուրջ բանակցում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո գտնվող իրանական ընկերության հետ


Հայաստանի կառավարությունը բանակցում է ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող իրանական Tabriz Petrochemical Company ընկերության հետ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ։

«Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը նշում է. - ««Tabriz Petrochemical Company»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30-ին Երևանում։ Հանդիպման խնդրանքով դիմել է իրանական կողմը, և ինչպես այլ ներդրողների պարագայում, կազմակերպվել է հանդիպում, որի ընթացքում ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ հետաքրքրված են Նաիրիտի վերագործարկմամբ։ Ընկերության կողմից այս հարցով նախատեսվում է իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն (feasibility study), որին կարող է հետևել նաև ֆինանսական աուդիտ։ Իրագործելիության ուսումնասիրությունը նախնական տվյալներով նախատեսվում է ավարտել 2020թ. մարտի վերջին։ Ուսումնասիրությունից հետո պատրաստ ենք քննարկել հնարավոր համագործակցության տարբերակները և ձևաչափերը։ Իրանական ընկերության ԱՄՆ պատժամիջոցների ներքո գտնվելու մասին տեղեկություններ չունենք»։

ԱՄՆ ֆինանսների նախարարության (U.S. Department of the Treasury) պաշտոնական կայքէջի համաձայն, Tabriz Petrochemical Company-ն 2018 թվականից գտնվում է պատժամիջոցների ներքո։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց. - «Մանրամասնել չեմ կարող։ Աշխատանքները բիզնես հիմնավորվածությունը պետք է ունենան։ Եվ դա լավագույն ձևով կարող են գնահատել այն անձիք, ովքեր հետաքրքրված են դրա շարունակական կայունության հաշվարկները կատարելով։ Կառավարությունը բոլոր նման դեպքերում, եթե լինի ներդրումային այնպիսի առաջարկ, որը իր երկարաժամկետ կայունության հարցում երաշխիքներ է պարունակում, պատրաստ է քննարկել»։

Հարցին, թե արդյոք կա մոտավոր հաշվարկ, թե որքան գումար է հարկավոր «Նաիրիտը» վերագործարկելու համար, նախարարն արձագանքեց. - «Ես էդպիսի թիվ հիմա չեմ կարող ասել, որովհետև անկախ գումարի չափից, նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը»։

Իրանական ընկերության կայքէջի համաձայն, Tabriz Petrochemical Company-ին կամ Թավրիզի նավթաքիմիական ընկերությունը հիմնադրվել է 1990 թվականին, և հիմնականում զբաղված է պոլիէթիլենի, պոլիստիրոլի ու պրոպիլենի արտադրությամբ։

«Նաիրիտի» սնանկացման գործով կառավարիչ Կարեն Ասատրյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ ներկայում գործարանի պարտքը կազմում է մոտ 262 միլիոն դոլար, որից 162 միլիոնը ԱՊՀ միջպետական բանկին ունեցած պարտքն է, որը, սակայն, բանկը 2016 թվականին զիջեց Հայաստանի կառավարությանը՝ բանկում գրավադրված «Նաիրիտի» անշարժ գույքի հետ միասին։

Բացի այդ «Նաիրիտը» ևս 100 միլիոն դոլար պարտք է գրեթե 300 ընկերությունների ու անձանց։

«Նաիրիտ» գործարանը դադարել է արտադրանք թողարկել 2010 թվականի մարտին։ Այդ ժամանակ աշխատակիցների թվաքանակը մոտ 2 300 էր։ Ընկերությունը սնանկ է ճանաչվել 2016-ին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հայցադիմումի հիման վրա, որին գործարանը 1 միլիարդ 200 միլիոն դրամից ավելի գումար է պարտք։

Ներկայում «Նաիրիտում» աշխատում է 250 հոգի՝ տեխնիական անվտանգության ապահովման և վարչական գծով. - «Մենակ Tabriz Petrochemical-ը չի։ Դա մի քանի մասնավոր պատվիրակություններ են իրանական։ Իրանական կողմին կոնկրետ հետաքրքրում է բուտադիենի հիմքի վրա կաուչուկի արտադրությունը։ Քանի որ ձեր մատնանշած ընկերությունը նավթի վերամշակմամբ է զբաղվում, իրանց մոտ առաջանում է այդ բուտադիեն նյութը, որը կարող է օգտագործվել այստեղ որպես հումք»։

XS
SM
MD
LG